Բաղդասարովը փորձում է Հայաստանի նախագահից իմանալ իր հետագա քայլերը. թերթ
05.04.2013,
11:39
Որոշ տվյալներով` նախօրեին կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հանդիպումը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Որոշ տվյալներով` նախօրեին կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հանդիպումը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Նույն աղբյուրները հայտնում են, որ Բաղդասարովը փորձում է հստակեցնել իր հետագա քայլերը և հրապարակային հայտարարությունները։ Բաղդասարովն առայժմ լռում է և չի մեկնաբանում իր բիզնեսների շուրջ կատարվող գործընթացներն ու «Արմավիա»–ի սկանդալային սնանկությունը»,– գրում է թերթը։
Վերջին ժամանակներս հայկական մամուլում լուրեր են պտտվում, որ Բաղդասարովը մտադիր է վաճառել նաև իրեն պատկանող «Միկա Ցեմենտ» գործարանը, և որ նա իրեն պատկանող բենզալցակայանների ցանցի աշխատակիցներին աշխատավարձերի վճարման հետ դժվարություններ ունի։
Թերթը գրում է, որ ավիաընկերության մամուլի ծառայությունից, փաստորեն, չեն հերքել այն, որ Բաղդասարովը վաճառում է իր հայկական բիզնեսները և լքում է Հայաստանը` ընդգծելով, որ «բիզնեսում ամեն ինչ վաճառվում և գնվում է»։
«Արմավիայի» մամուլի ծառայությունը հերքել է նաև այն տեղեկությունը, որ Բաղդասարովը մտադիր է նոր օդանավակայան կառուցել Ռումինիայում։
«Այդ մասին պետք է հարցնել նրանց, ովքեր հորինում են այդ լուրերը»,– նշեցին մամուլի ծառայությունից` ավելացնելով, որ ներկայումս «Արմավիայում» կատարվում է ուղևորների հաշվառում, և ապրիլին նրանց կվերադարձվեն գնված տոմսերի գումարները։ -0-