Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Մոսկվայի և Երևանի ներկայացուցիչները համագործակցության հարցեր են քննարկում «Բիզնես–Մարաթոնի» ընթացքում

09.10.2014, 14:27
Հայկական և ռուսական գործարար շրջանակների ներկայացուցիչները համագործակցության հարցեր են քննարկում հինգշաբթի Երևանում մեկնարկած «Բիզնես–Մարաթոն 2014։ մոսկովյան փոքր և միջին ձեռնարկությունների գործարար առաքելություն Երևանում» նախագծի շրջանակում, որն ուղղված է մայրաքաղաքների միջև տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը։

Մոսկվայի և Երևանի ներկայացուցիչները համագործակցության հարցեր են քննարկում «Բիզնես–Մարաթոնի» ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական և ռուսական գործարար շրջանակների ներկայացուցիչները համագործակցության հարցեր են քննարկում հինգշաբթի Երևանում մեկնարկած «Բիզնես–Մարաթոն 2014։ մոսկովյան փոքր և միջին ձեռնարկությունների գործարար առաքելություն Երևանում» նախագծի շրջանակում, որն ուղղված է մայրաքաղաքների միջև տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը։

«Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում մասնավոր հատվածի և քաղաքապետարանի միջև համագործակցությանը։ Մենք արդեն մի տարի աշխատում ենք Ռուսաստանի դեսպանության առևտրային ներկայացուցչության հետ և որոշ կապեր ունենք ռուս գործարարների հետ»,– ասաց Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը։

Ըստ նրա` նախագիծը նոր ձևաչափ է, որտեղ գործարարները ոչ միայն կարող են միմյանց մասին իմանալ, այլ նաև կոնկրետ համագործակցել։

Մոսկվայի քաղաքապետարանի Գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռնարկատիրության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կնյազևի խոսքով` ներկայիս նախագիծը նմանատիպ այլ նախագծերից տարբերվում է գործարարների հանդիպումների մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքով։

Առաջին օրը կազմակերպվել է Մոսկվայի և Երևանի գործարարների բանակցային հարթակ, որի շրջանակում աշխատանքային ռեժիմում ծրագրվում է գործարարների ավելի քան 80 երկկողմ հանդիպումների անցկացում։

Նույն օրը կանցկացվի կլոր սեղան լոգիստիկայի, Հայաստանի Հանրապետությունում մոսկովյան ձեռնարկությունների համագործակցության հնարավորությունների հավաստագրման և պատենտավորման բնագավառում։

Երկրորդ օրը նվիրված կլինի երևանյան գրասենյակների այցերին` արտադրական և առևտրային հնարավորությունների գնահատման և համագործակցության դետալների քննարկման համար։ Կկազմակերպվեն նաև այցեր Հայաստանի Հանրապետության արտադրական ձեռնարկություններ փորձի փոխանակման և արտադրական համագործակցության հնարավորությունների քննարկման համար։

2014 թվականին «Բիզնես–Մարաթոնն» անցկացվում է ՌԴ մարզերի և արտասահմանի 41 քաղաքներում։

Ի սկզբանե նախագծին մասնակցում էին 20 մոսկովյան ձեռնարկություններ։ Դրանցից այցի նախապատրաստման ընթացքում անցկացված 160 հեռախոսային բանակցությունների արդյունքներով պատվիրակության կազմում ընտրվել են երևանյան ընկերություններում առավելագույն հետաքրքրություն առաջացրած մոսկովյան 10 ձեռնարկություններ։ Դրանք շինարարական և հարդարման նյութերի, օդամաքրման համակարգերի, բժշկական սարքավորումների, կանանց հագուստի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման համակարգերի և ավտոմատացման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերություններ են։

Նախագծի նպատակը երկու տարածաշրջանների գործարարների փոխշահավետ արտադրական և առևտրային համագործակցության հաստատման օժանդակությունն է։ Նախագծի տեխնոլոգիան էապես տարբերվում է ցուցահանդեսներից և նմանատիպ այլ միջոցառումներից նախևառաջ երկկողմ կապերի մանրակրկիտ նախնական մշակումով, որն անցկացվում է նախապատրաստման երկու ամիսների ընթացքում։

«Բիզնես–Մարաթոնն» իրականացվում է Մոսկվայի քաղաքապետարանի Գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռնարկատիրության դեպարտամենտի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի օժանդակությամբ։ -0-