Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Չորս հայկական ընկերություններ ճանաչվել են «Գերազանցության կենտրոն» աշխատանքի պաշտպանության ոլորտում

25.06.2013, 19:20
Չորս հայկական ընկերություններ ճանաչվել են «Գերազանցության կենտրոն» աշխատանքի պաշտպանության, անվտանգության և աշխատակիցների առողջության ոլորտներում։
Չորս հայկական ընկերություններ ճանաչվել են «Գերազանցության կենտրոն» աշխատանքի պաշտպանության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Չորս հայկական ընկերություններ ճանաչվել են «Գերազանցության կենտրոն» աշխատանքի պաշտպանության, անվտանգության և աշխատակիցների առողջության ոլորտներում։

Ինչպես պարգևատրման արարողության ժամանակ հայտնեց աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Արայիկ Պետրոսյանը, կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ «Գերազանցության կենտրոն» պատվավոր հավաստագրեր են ստացել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, «ԷԼԲԱՏ» ՓԲԸ-ն, «Ֆիլիշին» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Glass World Company» ՓԲԸ-ն։

«Երեք տարվա ընթացքում մենք փորձում ենք խթանել աշխատանքի անվտանգ, որակյալ պայմաններին ուղղված քայլերը, և կարծում ենք, որ նման միջոցառումները նպաստում են դրան», - ասաց Մակարյանը։
 
«Glass-world company» ապակե տարայի արտադրության ընկերությունը հիմնադրվել է KA&KA International Ltd. Ընկերության կողմից 2004թ.-ին բյուրեղապակու արտադրության «Արզնի» գործարանի բազայի հիման վրա։

Հայ-գերմանական համատեղ «ԷԼԲԱՏ» գործարանը շահագործման է հանձնվել 2010թ.-ին։ Ընկերությունում ներդրումները կազմել են մոտ 17,5 մլրդ եվրո։ Գործարանը համագործակցում է մոտ 20 արտասահմանյան ընկերությունների հետ։«Էլբատ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ոլորտը կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրությունն է և դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային ու ետերաշխիքային սպասարկումը:

«Ֆիլիշին»  ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին: Կազմակերպությունն իրականացնում է նախագծում և կապիտալ շինարարություն, հիմնանորոգման, սանտեխնիկական, ջեռուցման համակարգերի տեղադրում, էլեկտրամատակարարման, բնակարանների ներքին հարդարման  և այլ աշխատանքներ:

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։--0—