«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»–ի ներդրումային փաթեթը 20 տարում կազմել է մոտ 21.5 միլիարդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ներդրումային փաթեթը 20 տարիների ընթացքում կազմել է մոտ 21.5 միլիարդ դրամ, ստեղծվել է ավելի քան 300 աշխատատեղ։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը Հայաստանում գործում է արդեն 20 տարի է՝ որպես աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի մասնաճյուղը։
Ինչպես նշվում է «ԱՌԿԱ» գործակալությունում ստացված մամուլի հաղորդագրությունում, ընկերությունն առաջարկում է ըմպելիքների մեծ ընտրանի:
Մայիսի 10-ին՝ ընկերության 20-ամյա գործունեությանը նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունն ամփոփել է նախորդ տարիներին ծավալած գործունեությունն ու արձանագրած ձեռքբերումները:
Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսն իր ելույթում նշեց. «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընտանիքի կարևոր անդամն է, և հպարտ ենք Հայաստանում մեր թիմի հաջողություններով: Մասնագետների ջանքերի շնորհիվ` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության արտադրած ըմպելիքներն աչքի են ընկնում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող որակով: Այս տարի ուրախ ենք նշել մեր հայաստանյան մասնաճյուղի զարգացման պատմության 20-ամյա հոբելյանը: Սպասում ենք նորանոր ձեռքբերումների»։
«Իր հերթին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան ընդգծեց, որ 20 տարվա ընթացքում հիմնական 3 ոլորտ են թիրախավորել՝ գործունեության կայուն զարգացումը, մրցունակ ընկերության կայացումը, ինչպես նաև համայնքների զարգացման մեջ ներդրումների միջոցով հասարակության լիարժեք անդամ դառնալը:

«Մեր Ընկերության հաջողության հիմքում մեր կադրերն են ու այն գործունեությունը, որ ծավալել ենք տարիների ընթացքում: Մեր աշխատակիցները մեր հիմնական հարստությունն են, ավելին, մոտ11.000 մատակարարի հետ համատեղ աշխատանքն էլ հիմք է դարձել հետագա զարգացման համար», - նշեց նա՝ ընդգծելով, որ Ընկերությունը հաճախակի աշխատանքի է վերցնում բուհերի շրջանավարտների և հետագայում վերապատրաստում նրանց:
Անցած 20 տարվա ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության ներդրումային փաթեթը կազմել է մոտ 21.5 միլիարդ դրամ, ստեղծվել է ավելի քան 300 աշխատատեղ: Հաջողակ բիզնես գործունեությանը զուգահեռ, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն իրականացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր: Ջրային ռեսուրսների կառավարումը, էներգիայի խնայողությունը և կլիմայի պաշտպանությունը, համայնքների և երիտասարդության զարգացումը, առողջ և ակտիվ ապրելակերպի խթանումն Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտի առանցքային ուղղություններից են:
ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսն իր հերթին ասաց, որ լինելով Հայաստանում առաջին միջազգային ներդրողներից, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը, անշուշտ, էական դերակատարություն է ունեցել երկրի տնտեսական զարգացման գործում:
«Մուտք գործելով հայկական շուկա` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը ներդրել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բիզնես մշակույթ և գործելաոճ: Շնորհավորում եմ անցած 20 տարվա ընթացքում գրանցած հաջողությունների համար և ապագայում նորանոր ձեռքբերումներ մաղթում»,- ասաց նա։
Միջոցառման ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հատուկ մրցանակ հանձնեց Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովային` նշելով 20-ամյա պատմության ընթացքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում ընկերության ներդրումը: Միջոցառմանը հյուրընկալվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ՀՀ կառավարության, դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի այլ երկրների մասնաճյուղերի ղեկավարներ և բազմաթիվ գործընկերներ:
Ներկաները բարձր գնահատեցին ընկերության 20-ամյա գործունեությունը` կարևորելով Հայաստանի տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդը: