Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

«Դելոյտ»-ը մտնում է հայկական շուկա

06.02.2013, 11:59
Ֆիրմաների միջազգային «Դելոյտ» միավորումը տեղեկացնում է Երևանում իր նոր գրասենյակի պաշտոնական բացման մասին, որը թվով 17–րդն է ԱՊՀ–ում և առաջինը` Հայաստանում։
«Դելոյտ»-ը մտնում է հայկական շուկա
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ֆիրմաների միջազգային «Դելոյտ» միավորումը տեղեկացնում է Երևանում իր նոր գրասենյակի պաշտոնական բացման մասին, որը թվով 17–րդն է ԱՊՀ–ում և առաջինը` Հայաստանում։

«Ֆիրման ռազմավարական որոշում է կայացրել Երևանում գրասենյակ բացելու վերաբերյալ` տեղական ընկերությունների հետ իր երկարաժամկետ փոխհարաբերությունների հետագա ընդլայնման և երկրի արագ զարգացող տնտեսության պայմաններում ակտիվ գործունեություն ծավալելու նպատակով»,– ասվում է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Արդեն ավելի քան 20 տարի «Դելոյտը» գործունեություն է ծավալում ԱՊՀ–ում, և ներկա պահին ընկերության աշխատակիցների թիվը տարածաշրջանում հաշվառում է շուրջ 3 հազար մարդ։

«Բացի ԱՊՀ–ում «Դելոյտի» ևս մի գրասենյակ բացելուց, մենք չափազանց ուրախ ենք Հայաստանի շուկա մուտք գործել, որը, ինչպես մենք ենք կարծում, զգալի հնարավորություններ է բացում մեր հետագա աճի համար։ Մեր փորձագետները բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու փորձն ունեն հաճախորդների բիզնեսի զարգացման հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Եվ մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և նրա բիզնես միջավայրին` տարածաշրջանի հսկայական ներուժը բացահայտելու ուղղությամբ»,– ասել է ԱՊՀ–ում «Դելոյտ» ընկերության գլխավոր տնօրեն Դևիդ Օուենը։

Նոր գրասենյակի ղեկավար կդառնա Սրբուհի Հակոբյանը, ով կհամատեղի իր գործունեությունը որպես Մոսկվայում և Երևանում աուդիտի գծով գործընկեր։ Նա աշխատանքի զգալի փորձ ունի այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են` բանկային գործը, մեծածախ առևտուրը, անշարժ գույքը, առողջապահությունը և արտադրությունը։ Սրբուհին Երդվյալ և որակավորված հաշվապահների ասոցիացիայի (АССА) և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) անդամ է։

«Երևանում նոր փորձառության համար բավական զգայուն ժամանակաշրջան է, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և ողջունել մեր բոլոր նոր աշխատակիցներին: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի հզոր թիմ ստեղծել, որը բարձրորակ ծառայություններ կտրամադրի։ Ես անհամբեր սպասում եմ հնարավորությանը` մեր հաճախորդներին պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցման ուղղությամբ մեր աշխատանքի բացառիկ արդյունքները ցուցադրելու համար, ինչպես նաև նպաստելու տարածաշրջանում «Դելոյտի» մասնակից ֆիրմաների հաճախորդների տեղական և միջազգային բազայի ընդլայնմանը»,– հայտնել է Սրբուհին։

ԱՊՀ–ում «Դելոյտ» ընկերությունն առաջատար աուդիտորական և խորհրդատվական ֆիրմաներից մեկն է, որը աուդիտի, խորհրդատվության, կորպորատիվ ֆինանսների, ռիսկերի կառավարման և հարկման ու իրավունքի հարցերով խորհրդակցության բնագավառում ծառայություններ է մատուցում` օգտագործելով տարածաշրջանի 10 երկրների 16 գրասենյակների շուրջ 3000 աշխատակիցների մասնագիտական փորձը։ –0–