Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ գյուղնախարարությունը հերքում է ձկնաբուծարանների լիցենզավորման գործընթացի թանկ լինելու մասին պնդումները

17.04.2014, 13:04
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հերքել է ձկնաբուծարանների գործունեության լիցենզավորման գործընթացի թանկ լինելու մասին «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանի պնդումները։

ՀՀ գյուղնախարարությունը հերքում է ձկնաբուծարանների լիցենզավորման գործընթացի թանկ լինելու մասին պնդումները
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հերքել է ձկնաբուծարանների գործունեության լիցենզավորման գործընթացի թանկ լինելու մասին «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանի պնդումները։

Ապրիլի 15–ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Աթոյանը նշել է, որ այս պահին gյուղնախարարությունը քննարկվում է ձկնաբուծարանների գործունեության համար լիցենզավորում ներդնելու հարցը, որը մեծ ծախսերի հետ է կապված։ Նա նաև ավելացրել է, որ լիցենզիայի ստանալու համար նախատեսված ծախսերը կազմում են մոտ 15 մլն դրամ։

«Արձագանքելով «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանի օրերս արված հայտարարությանը՝ հանրապետությունում գործող ձկնաբուծարանները լիցենզավորելու պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար ձկնաբուծարանների կողմից 15,0 մլն դրամ պետական տուրքի վճար սահմանելու մասին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արթուր Աթոյանի հայտարարության մեջ նշված վերոհիշյալ «փաստերը», մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Լիցենզավորման պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար 15,0 մլն դրամ պետական տուրք վճարելու մասին հիշատակումները ընդամենը պարոն Աթոյանի երևակայության արդյունքն են», – նշվում է Գյուղնախարարության մամուլի ծառայության տրամադրած հայտարարության մեջ։

Գերատեսչությունից նաև նշել են, որ Արարատյան հարթավայրի ընդերքի ջրերի վտանգված պաշարներն այսօր հրամայական են դարձնում նշված ջրերի նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ գործուն վերահսկողության սահմանումը:

«Քանի որ Արարատյան հարթավայրի արտեզյան ջրերի գերակշիռ մասն օգտագործվում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարանների կողմից, բնականաբար, քննարկումներ են իրականացվում նաև ձկնաբուծարաններում խնայողության մի քանի տարբերակներ ներդնելու ուղղությամբ: Դրանցից մեկը ձկնաբուծարանների լիցենզավորումն է, որի շրջանակներում էլ նախատեսվում է ձկնաբուծարաններում կիրառել ջրի խնայողության փակ և կիսափակ շրջապտույտով համակարգեր», – նշել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Աթոյանը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարության 2013 թ.–ի կարգադրության համաձայն` առաջիկա մեկուկես տարվա ընթացքում պետք է ջրի 70 տոկոս օգտագործում ենթադրող ձկնաբուծականները կիսափակ ցիկլային ռեժիմի անցնեն, ինչը կնպաստի դրա առավել ռացիոնալ օգտագործմանը և ծախսերի կրճատմանը։ Միաժամանակ նոր տեխնոլոգիաների գինը` կախված դրանց չափերից, տատանվում է 700 հազարից մինչև 1,5 մլն եվրոյի սահմաններում: ($1 – 414,27 դրամ):-0-