Երևանի Փոքր Կենտրոնում ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը կատարվել է 20-30%-ով. քաղաքապետի խորհրդական
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 2025 թ.-ի ներդրումային ծրագիրն արդեն իրականացվել է մոտ 20-30%-ով, ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Աշխատանքներ են իրականացվել ենթակայանների ամրացման, մալուխների փոխարինման ուղղությամբ, որից հետո ենթակայանները կվերանորոգվեն», - երկուշաբթի կայացած քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Արեյանը։
Նրա խոսքով՝ ծրագիրը Փոքր Կենտրոնում և ամբողջ քաղաքում շարունակվում է այն ծավալով, որը քննարկվել և հաստատվել էր տարեսկզբին։
«Աշխատանքների ընդհատումներ չեն եղել, ծրագրից շեղումներ չկան», - ասել է Արեյանը։
Ավելի վաղ ՀԷՑ-ը հայտարարել էր մոտ 6,7 մլրդ դրամ ներդնելու ծրագրերի մասին՝ 2-3 տարվա ընթացքում Երևանի կենտրոնի էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագրի համար: Արդյունքում, 145 հազար բաժանորդ կապահովվի անխափան էլեկտրամատակարարմամբ, որից 5 հազարը՝ հանրային:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը վստահեցրել է, որ Երևանի Փոքր Կենտրոնում պարբերական էլեկտրաէներգիայի անջատումները շուտով կդադարեն, իրականացվում է ցանցի արդիականացման լայնածավալ ծրագիր, որը ներառում է 111 կենտրոնական փողոց:
ՀԷՑ–ի մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Տաշիր» ընկերությունների խմբի մաս է կազմում, որը պատկանում և կառավարվում է միլիարդատեր և բարերար Սամվել Կարապետյանի կողմից։ ՀԷՑ–ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով մոտ 1 միլիոն բաժանորդի։ 2016 թվականից «Տաշիր» խումբը միայն ՀԷՑ–ի արդիականացման համար ներդրել է մոտ 680 միլիոն դոլար, ևս 150-200 միլիոն դոլար ներդրվել է նոր հզորությունների ստեղծման համար։ Մինչև 2034 թվականը նախատեսվում է ՀԷՑ-ի ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանի էներգետիկ համակարգում հասցնել 540 միլիարդ դրամի։