Գերմանիան մեծացնում է իր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ. Մերց
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը և Հայաստանը կարևոր են Ասիայի և Եվրոպայի միջև՝ որպես հանգուցային կետ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք մեր ներուժը պետք է օգտագործենք։ Դրա համար անհրաժեշտ են շրջանակային պայմաններ և խաղաղություն, իրավական պետություն, ազատ մրցակցություն։ Գերմանական ընկերությունները, ինչպես ասացի, մեծ ներդրում կատարելուց առաջ շատ հիմնովին ուսումնասիրում են այդ վայրը։ Փոքր և միջին ձեռնարկությունների համար այդքան էլ հեշտ չէ մեծ ներդրումներ կատարել հեռավոր երկրներում, բայց նրանք շատ հուսալի և վստահելի գործընկերներ են, երբ ճիշտ շրջանակային պայմաններ են տեսնում կոնկրետ երկրում»,-ասել է նա։
Հետևաբար, ինչպես նշեց Մերցը, Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները շատ կարևոր են։
«Դրանք շատ դժվարին են, մենք գիտենք նաև մեր գերմանական փորձից, և վստահ եմ, որ այս ամենը կտա իր արդյունքը»,-ասել է Մերցը․
Գերմանիայի կանցլերը նաև նշեց, որ երկու երկրները համագործակցում են բոլոր ոլորտներում։
«Մեր երկու երկրներն աշխատում են բոլոր ոլորտներում։ Երևանում կբացվի «Գյոթե» ինստիտուտ, համագործակցում են բուհերը, քաղաքները։ Ուրախ եմ, որ այս պահին Գերմանիայում բացվում են մի քանի «Թումո» կենտրոններ, որտեղ երիտասարդները ստեղծագործական եղանակով ճանաչում են նորարար տեխնոլոգիաները»,-ասել է նա․