Рейтинг@Mail.ru
USD
380.83
EUR
444.28
RUB
4.8304
GEL
141.25
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74% բաժնեմասը՝ իրեն պահելով 26%․ Միրզոյան

Այսօր, 13:58
Միրզոյանը պարզաբանել է, թե ինչ սկզբունքով են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև բաշխվել TRIPP զարգացման ընկերության մասնաբաժինները
Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74% բաժնեմասը՝ իրեն պահելով 26%․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով, Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74% բաժնեմասը՝ իրեն պահելով 26% բաժնեմասը։

Այս մասին TRIPP-ի վերաբերյալ ստորագրված ՀՀ-ԱՄՆ հայտարարության մասին Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով TRIPP զարգացման ընկերության հիմնադրմանը։

Միրզոյանի խոսքով՝ այս ամենը մեծ հաշվով բանակցությունների արդյունք է և արտացոլում է երկրների ներդրումները։

«Գաղտնիք չէ, որ Միացյալ նահանգները մեծ ծավալի ներդրումներ են անելու, չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի, քաղաքական աջակցության, քաղաքական ներդրումների մասին, այլ հենց ֆինանսական ներդրումների։ ՀՀ-ն իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է, մեծ հաշվով, կառուցապատման իրավունքն է, կարծում եմ բավականին արդար բաշխում է», -ասել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ խոսքը միայն առաջիկա 49 տարվա մասին է, քանի որ ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ՝ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։

«Եվ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն ՀՀ բաժնեմասը 26 %-ից կբարձանա 49 %-ի», - ասել է նախարարը։

Ըստ Միրզոյանի՝ այդ ժամանակ բաժնեմասերի համամասնությունն ու հարաբերակցությունը գրեթե հավասար կդառնան։

Նշենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի` հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Նշենք նաև, որ հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։

TRIPP նախագծի մասին  

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։

Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։