Հայաստանի կապիտալի շուկան կշարունակի աճել արագ տեմպերով․ Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կապիտալի շուկան կշարունակի զարգանալ արագ տեմպերով և կարող է դառնալ տնտեսական աճի լրացուցիչ գործոն: Նման կարծիք է հայտնել երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:
«Հայաստանում կապիտալի շուկան զարգանում է, հատկապես դա վերաբերում է պարտատոմսերին: Աճ է նկատվում նաև այլ արժեթղթերի սեգմենտում, ինչին նպաստում են մի շարք գործոններ», — ասաց նա:
Բարսեղյանի գնահատմամբ՝ երկրի տնտեսությունը դառնում է ավելի թափանցիկ, բիզնեսն աստիճանաբար դուրս է գալիս ստվերային հատվածից, իսկ կորպորատիվ հաշվետվողականության որակը բարձրանում է: Նա այս գործընթացներն անվանեց կապիտալի շուկայի զարգացման հիմնական պայմաններից մեկը:
Բարսեղյանը նաև նշեց ներդրումային գործիքների նկատմամբ ներքին պահանջարկի ձևավորումը՝ տնտեսական աճի և բնակչության մի մասի եկամուտների ավելացման ֆոնին:
«Ձևավորվում է զգալի խնայողություններ ունեցող քաղաքացիների սեգմենտ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել կապիտալի շուկայի տարբեր գործիքներում: Պահանջարկը ստեղծում է առաջարկ, և ավելի շատ ընկերություններ են ներգրավում պարտքային ֆինանսավորում կապիտալի շուկայի գործիքների միջոցով», — նշեց նա:
Նրա կարծիքով, այս միտումը կպահպանվ, իսկ կապիտալի շուկայի հետագա զարգացումը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության աճին։
Բարսեղյանը հայտնեց, որ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Ամերիաբանկի պարտատոմսերի պորտֆելը կազմել է 160 մլրդ դրամ:
2026 թվականին Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր կողմից թողարկված առաջին անժամկետ պարտատոմսերը՝ 100 մլն դոլար ընդհանուր ծավալով: Բանկի հաղորդագրության համաձայն՝ պարտատոմսերը թողարկվել են երկու տրանշով՝ փետրվարին և ապրիլին:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինտեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։