Рейтинг@Mail.ru
USD
363.18
EUR
412.14
RUB
4.3187
GEL
139.42
2026 թ. սեպտեմբերի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանն ու ԱՄՆ–ն հայտարարել են գործարար խորհրդի գործարկման մասին

24.09.2026, 13:21
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ
Հայաստանն ու ԱՄՆ–ն հայտարարել են գործարար խորհրդի գործարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ առևտրի պալատի փոխնախագահ Քուշ Չոքսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալվելու համար և նշել, որ պալատի անդամները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Նա հավելել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ տնտեսության ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ներդրումային հնարավորություններին և բիզնես միջավայրին: 

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ առևտրատնտեսական կապերին և նշել, որ նախորդ տարվա օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ հանդիպմանը ստորագրված փաստաթղթերի արդյունքում արդեն իսկ տեղի են ունեցել էական զարգացումներ: Երկրի ղեկավարը, մասնավորապես, հիշատակել է մեր երկրում արհեստական բանականության երկու խոշոր գործարանների հիմնումը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերը տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: 

Վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, դրա արդյունքում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ձևավորվող հնարավորություններին։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացման մասին։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, առկա հնարավորություններն ու բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը։ 

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարներին հետաքրքրող հարցերին։ 

Հանդիպման արդյունքներով ազդարարվել է Հայաստան-ԱՄՆ գործարար խորհրդի մեկնարկի մասին: