Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է GeoProMining ձեռնարկություն և զարգացման հեռանկարները քննարկել ղեկավարության հետ

16.08.2013, 13:33
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինն այցելել է GeoProMining (GPM) հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խմբի հայկական ձեռնարկություններից մեկը` Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան, «ԱՌԿԱ» գործակալությանն ուրբաթ հայտնեցին GPM–ի  մամուլի ծառայությունից։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այցելել է GeoProMining ձեռնարկություն և զարգացման հեռանկարները քննարկել ղեկավարության հետ
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինն այցելել է GeoProMining (GPM) հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խմբի հայկական ձեռնարկություններից մեկը` Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան, «ԱՌԿԱ» գործակալությանն ուրբաթ հայտնեցին GPM–ի  մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում Վոլինկինը ծանոթացել է արտադրության հետ և զրուցել GPM Gold–ի ղեկավարության հետ գործերի ընթացիկ վիճակի և Հայաստանում ընկերության հետագա զարգացման հեռանկարների մասին։

«Մեծ հետաքրքրությամբ ծանոթացա Հայաստանում GPM ընկերության աշխատանքին։ Բավարարված եմ GPM–ի գործունեությամբ և արտադրական, և սոցիալական տեսանկյուններից։ Թափանցիկությունը, հուսալիությունը, մրցունակությունը և, անշուշտ, հիանալի անձնակազմը` ահա այն պարամետրերը, որոնք խոսում են հայկական հողում ընկերության փայլուն հեռանկարի մասին»,– ասել է դեսպանը։

Վոլինկինը միաժամանակ վստահություն է հայտնել, որ GPM–ը, լինելով ժամանակակից ձեռնարկություն, որը հսկայական ավանդ է ներդնում ռուս–հայկական հարաբերությունների գործում, հետագայում նույնպես կզարգանա բարեկամության շահերից ելնելով և երկու երկրների ժողովուրդների օգտին։

«Ուրախ կլինեմ շարունակել շփումները ձեռնարկության և ղեկավարության, և անձնակազմի հետ»,– ավելացրեց նա։

Մամուլի ծառայությունից հայտնում են, որ սա Վոլինկինի` 2013 թվականի մայիսին Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր առաջին այցն էր Հայաստանում ռուսական խոշորագույն ներդրողներից մեկը համարվող GPM ընկերության ձեռնարկություն։

Արարատյան դաշտավայրում տարվում է լայնածավալ արդիականացում, որի շրջանակներում իրականացվում է հանքաքարի հարստացման «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի գծի կառուցում։ Այդ նախագծի իրագործումը թույլ կտա մի քանի անգամ ավելացնել արտադրության ծավալները և բարձրացնել ձեռնարկության աշխատանքի արդյունավետությունը։

«Մենք միշտ ուրախ ենք մեր ձեռնարկությունում բարձրաստիճան հյուրեր ընդունելու համար։ GPM ընկերությունն արդեն երկար տարիներ աշխատանքային սերտ հարաբերություններ է ծավալում Հայաստանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության հետ, իրագործում է համատեղ սոցիալական նախագծեր և մասնակցում է Հայաստանում ռուսաց լեզվի մասսայականացմանը։ Մենք շնորհակալ ենք մեզ ցուցաբերվող աջակցության համար և որպես բարեխիղճ ներդրող` ուրախ ենք մեր ավանդն ունենալ Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունների ամրապնդման հարցում»,– նշեց Հայաստանում GPM ընկերություններից մեկի` GPM Gold–ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոզլովը։

2001 թվականին հիմնված GeoProMining–ը միջազգային մասնավոր ընկերություն է` ոսկու և այլ մետաղների ռեսուրսային դիվերսիֆիկացված բազայով։ GeoProMining–ի ձեռնարկությունները տեղակայված են Ռուսաստանում և Հայաստանում։