Հայաստանում ստեղծվել է Քար մշակողների միություն և կնքվել ՌԴ–ի հետ համագործակցության հուշագիր (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 17-ին Հայաստանում ստեղծվել է Քար մշակողների միություն և Ռուսաստանի հետ համագործակցության հուշագիր կնքվել։
Ինչպես նշեց Հայաստանի նորաստեղծ Քար մշակողների միության նախագահ Տարոն Բադալյանը, միության ստեղծման նպատակն է ապահովել Հայաստանի ներկայությունը միջազգային հարթակներում, կազմակերպել կրթական ծրագրեր ոլորտում, անցկացնել քարի փառատոներ։
«Հուշագիրը նախատեսում է խորացված խորհրդատվություն և շփում հայ և ռուս քար մշակողների միջև: Ոլորտը և խնդիրները գրեթե նույնն են: Եվ եթե կարող ենք միմյանց օգնել, ապա կօգնենք: Պատրաստ ենք նաև փորձ ընդունել, օրինակ, թե ինչպես են մշակվում քարհանքերը, քարերը: Եվ ամենակարևորը` ընդլայնել քարի սպառման շուկան Հայաստանից մինչև Ռուսաստան: Քանի որ մեր շատ գործընկերներ երբեմն պարզապես չգիտեն, թե որտեղից գտնել հայկական քար», – «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Ռուսաստանի քար մշակողների միության նախագահ Լև Զոհրաբյանը։
Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանում հայկական քարի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա.
«Շատ նախագծեր կան՝ թե՛ Մոսկվայում, թե՛ մարզերում: Դոնի Ռոստովում էլ կան նախագծեր: Այնտեղ բնակելի համալիրներ են կառուցվում, որոնք նույնպես երեսապատված են հայկական քարով: Մեզ մոտ՝ Կրասնոդարի երկրամասում, ափին, հայկական տրավերտինով հյուրանոցներ են կառուցվում: Բացի խոշոր նախագծերից, շատ են մասնավոր ընկերությունները, որոնք գնում են հայկական տրավերտին տունը, ճակատային հատվածն ու կից տարածքները կառուցապատելու համար», – ասաց Զոհրաբյանը։
Նա վստահություն հայտնեց, որ հուշագրի ստորագրումը կհանգեցնի Հայաստանից քարի արտահանման ավելացմանը, քանի որ կլինեն ավելի շատ հնարավորություններ համագործակցության և կապերի համար։
«Երբ 2011–2012թթ․–ին ես քարի բիզնես սկսեցի Ռուսաստանում, սկսեցի այն հայկական քարով։ Եվ շատ վիրավորական էր, երբ իտալացիները հայկական քարը վաճառում էին որպես իրենց քար։ Այսօր Հայաստանում քարի բիզնեսը շատ ակտիվ զարգանում է։ Կա ներքին պահանջարկ, որը պետք է բավարարվի։ Կան լավ նախագծեր», – ասաց Զոհրաբյանը։