Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում վառելանյութի գները վերջին երկու շաբաթվա ընթացքում աճել են 30 դրամով. թերթ

30.08.2012, 14:26
Հայաստանում վառելանյութի գները վերջին երկու շաբաթվա ընթացքում աճել են 30 դրամով, հաղորդում է «Հայոց աշխարհ» օրաթերթը:
Հայաստանում վառելանյութի գները վերջին երկու շաբաթվա ընթացքում աճել են 30 դրամով. թերթ
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վառելանյութի գները վերջին երկու շաբաթվա ընթացքում աճել են 30 դրամով, հաղորդում է «Հայոց աշխարհ» օրաթերթը:

Վառելանյութի շուկայում գնաճային դրսևորումները սկսվեցին օգոստոսի կեսերին, ընդամենը հինգ օր անց բենզինը թանկացավ ևս 10 դրամով: Նախ` գները բարձրացրեց «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը, իսկ երկու օր հետո նրան հետևեց «Ֆլեշ» ընկերությունը: Նախօրեին շուկայի այս երկու խոշոր մատակարարները հերթական անգամ բարձրացրին գները: Վառելանյութը միաժամանակ թանկացավ ինչպես «Սիթի Պետրոլ Գրուպի», այնպես էլ «Ֆլեշի» բենզալցակայաններում: Այժմ արդեն «ռեգուլյար» տիպի բենզինը մայրաքաղաքում վաճառվում է 500 դրամով: Ընդամենը երկու շաբաթ առաջ այս տեսակի բենզինի լիտրը արժեր 470 դրամ: «Պրեմիումը» վերջին թանկացումից հետո վաճառվում է 520 դրամով: «Սուպեր» տեսակի բենզինի գինը մեկ լիտրի դիմաց հասել է 550-ի:

Նման գները նորություն չեն հայկական շուկայի համար: Ապրիլ-մայիս ամիսներին ևս վառելանյութի արժեքը Հայաստանում տատանվում էր այդ սահմաններում: Ճիշտ է՝ հունիսից սկսած գները իջան, սակայն պահպանվեցին ընդամենը երկու ամիս: Միջազգային շուկաներում դեռևս ապրիլից սկիզբ առած գնանկումը հանգեցրեց նրան, որ երկու ամսում Հայաստանում բենզինի գները իջան լիտրի հաշվով 30 դրամով:  Ընդամենը երկու շաբաթ պահանջվեց, որ 30 դրամի էժանացումն ամբողջությամբ չեզոքանա: Բենզինի գների հետ միասին թանկացել են նաև դիզելային վառելանյութի գները:

Թերթը նշում է, որ նման կարճ ժամանակահատվածում գների 30 դրամ թանկացումը հազվադեպ դրսևորում է: Եթե նախկինում գնային փոփոխությունները կապվում էին հիմնականում միջազգային շուկաների հետ, ապա այս անգամ, գոնե վերջին օրերին, կարծես նման երևույթներ չկան: Ավելին, նավթի միջազգային գներն անցած մեկ շաբաթվա ընթացքում նվազեցին:  Եթե օգոստոսի 22-ին «բրենդ» տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել էր 115 դոլարի, ապա այսօր չի գերազանցում 112-ը:

Այս պայմաններում ինչ-որ տեղ տարօրինակ է վառելանյութի թանկացումը Հայաստանում: Անշուշտ, այս դրսևորումները երկարատև ժամկետում բնականաբար պետք է ազդեին հայաստանյան շուկայի վրա: Սակայն նախկինում սովորաբար դա արտահայտվում էր առավել երկար ժամանակահատվածում: Միաժամանակ թե ինչի հետևանք էր երկու շաբաթվա ընթացքում բենզինի 30 դրամով թանկացումը, շուկայի մասնակիցներից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել: Այնուհանդերձ այն դժվար է պայմանավորել միայն միջազգային շուկաների գնային փոփոխություններով»,- նշվում է թերթում ($1 – 409,58 դրամ): -0-