Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

«հայrate» նախաձեռնության շրջանակներում հայտնի են Հայաստանի ամենագրավիչ գործատուները

14.12.2021, 13:57
Հարցմանը մասնակցել են Հայաստանի առաջատար ԲՈւՀ-երի շուրջ 2000 ուսանողներ, ովքեր մեկ ամիս շարունակ հնարավորություն են ունեցել նշել իրենց կարծիքով շուկայում ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից
«հայrate» նախաձեռնության շրջանակներում հայտնի են Հայաստանի ամենագրավիչ գործատուները

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 10-ին կայացավ «հայrate»-ի՝ Հայաստանում առաջին անգամ ուսանողների շրջանում գրավիչ գործատուների մրցանակաբաշխությունը, հաղորդում է Գրանթ Թորնթոնի մամուլի ծառայությունը:

Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Գրանթ Թորնթոնի համատեղ ջանքերով և նպատակ ունի շեշտադրել գործատուների գրավչությունը աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների շրջանում՝ բացահայտելով որքանով հասցեական են իրենց բրենդի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ գործատուների ձեռնարկած միջոցառումները ուսանողների շրջանում:

Հարցմանը մասնակցել են Հայաստանի առաջատար ԲՈւՀ-երի շուրջ 2000 ուսանողներ, ովքեր մեկ ամիս շարունակ հնարավորություն են ունեցել նշել իրենց կարծիքով շուկայում ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից:

Որպես գրավիչ գործատու ուսանողները նշել են ավելի քան 200 կազմակերպության անվանում, որոնցից առանձնացվել և մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հարցման արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած 10-ի անունները: Հարկ է նշել, որ կազմակերպիչների կողմից խրախուսանքի են արժանացել բոլոր 10 կազմակերպությունները, որոնցից «գրավիչ գործատու» անվանակարգում նշվել է տասնյակի 2-5-րդ տեղերը զբաղեցրած, իսկ «ամենագրավիչ գործատու» անվանակարգում՝ ամենաշատ ձայներ հավաքած կազմակերպության անվանումը:

Այսպիսով, տասնյակում են հայտվնել հետևյալ գործատուները՝ Սերվիս տիտան, Հայաստանի կենտրոնական բանկ, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Գրանդ հոլդինգ և Սոֆթ Կոնստրակտ: Ուսանողների կարծիքով հայաստանյան աշխատաշուկայի «գրավիչ գործատու» են կարգվել Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան, Սինոփսիսը, Ամերիաբանկը և Դիջիթեյնը, իսկ «ամենագրավիչ» ճանաչվել ՓիքսԱրթը:

Մրցանակաբաշխության ընթացքում մասնակից կազմակերպություններից շատերի ներկայացուցիչները նշեցին, որ իրապես ողջունում են նման նախաձեռնության անհրաժեշտությունը և ուրախ են, որ միջազգային լավագույն պրակտիկան տեղայնացվել է և իրենք՝ գործատուները, այժմ հնարավորություն ունեն գնահատել ինչպես իրենց ձեռնարկած քայլերի արդյունավետությունը, այնպես էլ բացահայտել նոր հնարավորություններ երիտասարդ տաղանդների ներգրավման համար: Միջոցառման հյուրերի շարքում էին նաև մասնակից ԲՈւՀ-երի ներկայացուցիչներ, ովքեր շեշտադրեցին ուսանող-գործատու կապի ամրապնդման անհրաժեշտությունը և ընդգծեցին «հայrate»-ի կարևորությունը, որպես այդ հաղորդակցության բացահայտման գործուն միջոց:

Գրանթ Թորնթոնի և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի ղեկավար անձնակազմի կողմից հնչեց պատրաստակամություն այս տարվա պիլոտային փուլից հետո «հայrate»-ը դարձնել շարունակական՝ ընդլայնելով այն տարեցտարի, ինչպես նաև հրավիրելով այլ կազմակերպությունների միանալ և աջակցել Հայաստանի աշխատաշուկայում որակական նոր փոփոխություն ու նոր մշակույթ սերմանող այս նախաձեռնությանը:–0–