Հայտնաբերվել է կեղծ, ինքնարժեքից ցածր գնով, ստվերային շրջանառվող 1703 շիշ օղի. ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող օղիների վաճառքի դեպքեր։
ՊԵԿ-ի տեղեկացմամբ, վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, մայրաքաղաքում և ՀՀ տարբեր մարզերում մշակել և ձեռնարկել է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության և վաճառքի ոլորտում հանցավոր սխեմաներով գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։
«Մարզերում գործող առևտրի կետերում համաժամանակյա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 47 առևտրի կետում, վարչության աշխատակիցները, հայտնաբերել են կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով, ակնհայտ կեղծ ակցիզային դրոշմանիշներով կամ նույնականացման նշաններով ստվերային շրջանառվող 1703 շիշ օղի»,-հայտնում են ՊԵԿ-ից։
Նշվում է, որ միջոցառումների ընթացքում ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։
Հայտնաբերվել են նաև միևնույն նույնականացման նշանների բազմակի օգտագործման դեպքեր։ Այս իրավախախտման բոլոր հանգամանքները, խմբերում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ գործողություններ:
Արձանագրված դեպքերով, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում մանրամասն վերլուծվում և ուսումնասիրվում է հավաքված ամբողջ տեղեկատվությունը, որից հետո ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։
Ինչպես նշում է ՊԵԿ-ը, առերևույթ հանցանքի մասին ներկայացված հաղորդումների հիմքով, 2025թ-ի ընթացքում, արդեն իսկ, նմանատիպ 14 դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Ալկոհոլային խմիչքներ արտադրողներին Պետական Եկամուտների կոմիտեն հորդորում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով և զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չգործել հանցավոր մեթոդներով, այդ թվում խաղողի օղու անվան տակ ցորենի օղի չվաճառել, ինչը ոչ միայն հարկերից դիտավորյալ խուսափելու միտում է, այլև` խաբեության դրսևորում սպառողների նկատմամբ:
Ալկոհոլային խմիչքներ վերավաճառող առևտրի կետերին կոմիտեն կոչ է անում վերավաճառքի նպատակով չգնել և չվաճառել անհայտ ծագումով կամ շուկայական գներից էականորեն ցածր արժեքներով ալկոհոլային խմիչքներ, գնումների ընթացքում օղու մատակարարներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթղթեր։
Կարևոր է` վաճառքի կետերում ալկոհոլային խմիչքներ գնելուց առաջ, սպառողները ուշադրություն դարձնեն նմանատիպ խմիչքների վաճառքի գներին, E-MARK հավելվածի միջոցով սկանավորել հսկիչ (նույնականացման) նշանները, որպեսզի համոզվեն` ապրանքը ենթակա է վաճառքի ու չգնեն անհայտ ծագում ունեցող ալկոհոլային խմիչքներ։
«Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է օրենսդրությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, այդ թվում կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող օղիների ամբողջ խմբաքանակները շրջանառությունից դուրս բերելու միջոցով»,-նշվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։