ՀՀ-ում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15%-ով. Փաշինյանը՝ Ադրբեջանից նավթամթերքի ներմուծման մասին
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանից ներմուծված նավթամթերքի արդյունքները։
«2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին, և հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել: Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին, և այսօրվա դրությամբ ՀՀ-ում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, որը շուկայում հնարավոր է ձեռք բերել՝ նվազել է 15%-ով, նախկին 1 լիտրի դիմաց՝ 510 դրամի փոխարեն 430 դրամ»,-այս մասին սոցցանցի իր էջում տարածած տեսանյութում ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, դիզվառելիքի գինը այս ընթացքում նվազել է 2 տոկոսով, իսկ ռեգուլյար բենզինի գինը դեկտեմբերի համեմատ նվազել է 8 տոկոսով:
«Եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է: Այս ամենը խաղաղության օրակարգի արդյունքներն են, ինչպես ընդունված է ասել՝ խաղաղության օգուտները»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, պետք է նաև ընդունել, որ այս ընթացքում և Ադրբեջանում, և Հայաստանում քննադատություն կա: Հայաստանում ասում են, որ բենզին եք գնում ու փողերը ուղարկում Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա:
«Ադրբեջանում ասում են՝ բենզինը ու դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերն ու զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա: Պետք է արձանագրել, որ երկու մտահոգությունն էլ տեղին չէ, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ինստիտուցիոնալ: Այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն, պետք է արձանագրել նաև, որ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում ու քաջալերում են այն ընկերությունները և շրջանակները, ովքեր դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել, ու նրանք հիմա ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից տուժելու են այդ մոնոպոլյաները, որոնք փաստացի վերանալու են ու օգտվելու են ՀՀ քաղաքացիները»,- նշել է նա:
Փաշինյանը նշել է, որ սա խաղաղություն է ու մենք պետք է սովորենք այդ խաղաղութանը։
«Սա խաղաղություն է, և մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք, և խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը և ուրախությամբ եմ արձանագրում»,-եզրափակել է Փաշինյանը։