ՀՀ-ում ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակն օգնում է ՓՄՁ-ներին հաղթահարել COVID-19-ի հետևանքով առաջացած ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. ՎԶԵԲ-ի Գործարարության աջակցման գրասենյակ-ն աջակցում է մասնավոր հատվածին խորհրդատվական վեբինարների միջոցով: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
«Բանկի կողմից ֆինանսավորվող՝ Հայաստանում Գործարարության աջակցման գրասենյակը՝ Էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համագործակցությամբ, մեկնարկել է նորարարական նախաձեռնություն՝ տեղական ձեռնարկություններին առաջարկելով ճգնաժամի հաղթահարմանն առնչվող տարբեր առաջնահերթ թեմաներով 23 անվճար վեբինար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ վեբինարները վարում են անվանի բիզնես խորհրդատուներ, ում խորհուրդները վերաբերում են հետևյալ թեմաներին․ դրամական հոսքերի կառավարում, բիզնեսի ռազմավարություն, ֆորս մաժորային և պայմանագրային պարտավորություններ, ինչպես օգտագործել պետական վարկերն ու դրամաշնորհները, սնանկության ռիսկեր, թվայնացում, ճգնաժամի ընթացքում հետճգնաժամային պլանավորում և այլն։
«Ապրիլի 1-ից մինչև ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում անցկացված` օրական երկու սեմինարները վերաբերում էին այն անմիջական խնդիրներին, որոնց բախվեցին Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունները այս գլոբալ համաճարակի ընթացքում: Յուրաքանչյուր դասընթացին մասնակցում էր մինչև 200 ընկերություն՝ լսելու փորձագետների խորհուրդները»,- նշում են բանկի մամուլի ծառայությունից:
Վեբինարների ամբողջ տեսացանկը հասանելի է YouTube-ում այն բիզնեսների համար, որոնք չկարողացան մասնակցել, և այն ներառում է լրացուցիչ պրեզենտացիաներ և այլ պրակտիկ գործիքներ, որոնք ձեռնարկությունները կարող են օգտագործել հետագայում։
Նախաձեռնությունը մեկնարկել է Գործարարության աջակցման գրասենյակի և և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված՝ ձեռնարկությունների հետադարձ կապի հարցաթերթիկի հրապարակումից հետո, որի միջոցով ստացվել էր 1300 պատասխան և հայտնաբերվել 23 արդիական թեմա:
«Զուգահեռաբար, գրասենյակը հայտարարել էր խորհրդատվական ընկերությունների և անհատ խորհրդատուների գրանցում․ նրանց համար, ովքեր պատրաստ էին տրամադրել կամավոր անվճար խորհրդատվություն կամ վեբինարներ անցկացնել դրա կարիքն ունեցող բիզնեսների համար, և արդեն ուներ ավելի քան 50 խորհրդատու, որոնք գրանցվել էին իրենց ծառայությունները տրամադրելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:
Այս նախաձեռնության ավարտից հետո ԳԱԳ-ն՝ համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, նախատեսում է մեկնարկել երկրորդ փուլը, որը ներառում է անհատական խորհրդատվության ժամեր, որոնք հասանելի կլինեն Eventbrite տոմսերի տեսքով:
«Մենք ունենք ավելի քան 500 խորհրդատվական տոմս, որոնք կհրապարակվեն ՓՄՁ-ների համար հաջորդ շաբաթ»,- նշվում է հաղորդագրության մեջ
«ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր՝ Հայաստանին աջակցելու հանձնառությանը: Մենք աշխատում ենք, որպեսզի օժանդակենք իշխանություններին և մեր հաճախորդներին տնտեսության ֆինանսական և իրական հատվածներում: Մենք անընդհատ նոր հնարավորություններ ենք ուսումնասիրում: ՎԶԵԲ-ը ներկայացրել է արտակարգ իրավիճակների համար «Սոլիդարության փաթեթը»․ այն ներառում է միջոցառումներ, որոնք կօգնեն ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանի ընկերություններին հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը», - ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինաձեն:
«Այս ճգնաժամը բազմաթիվ մարտահրավերներ է նետում։ Սակայն այն կարող է նաև հնարավորություններ ընձեռել ճկուն ընկերությունների համար, որոնք առաջինը կհասկանան հետճգնաժամային նոր նորմա դարձած իրավիճակը և կսկսեն գործել՝ դրանից ելնելով։ Մենք փորձում ենք օժանդակել բիզնեսներին ճգնաժամի ազդեցությունը մեղմելու և նոր հնարավորությունները օգտագործելու գործընթացում։ Մենք ուրախ ենք, որ հայաստանյան բիզնես խորհրդատուները միացել են մեր նախաձեռնությանը», - ասել է Հայաստանում Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը:
«Մեզ համար ուրախալի է տեսնել, որ վեբինարներն այսքան հաջողված են, քանի որ թեմաները մշակվել են հարցումների ընթացքում 1300 ձեռնարկություններից ստացված արձագանքների մանրակրկիտ ուսումնասիորւթյան հիման վրա, որտեղ բիզնեսները ներկայացրել էին իրենց խնդիրներն ու կարիքները: Այս արդյունքները նաև օգնեցին մեզ մշակել օգնության փաթեթներ` նվազագույնի հասցնելու երկրի տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը: Մենք հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի խորհրդատուների համայնքը ցուցաբերել է առավելագույն պատրաստակամություն և արհեստավարժություն՝ տրամադրելով բազմաբովանդակ գիտելիք և անդրադառնալով վեբինարների ընթացքում բարձրացված յուրաքանչյուր հարցին: Այս հարթակը, որը ձևավորվել է Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի նախաձեռնությամբ, պարունակում է երկարաժամկետ տվյալներ, որոնք հիմք կհանդիսանան Հայաստանում գործարար համայնքին աջակցելու համար», - ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:
Հիմնադրվելով 2007 թ.-ին՝ գրասենյակը ՎԶԵԲ- ի ֆինանսավորմամբ, կանոնակարգում է ՀՀ կառավարության և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո գործող պետական- մասնավոր երկխոսության հարթակը:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է, որը 1992 թվականից ի վեր, 2020 թվականի հունվարի դրությամբ, 1,4 միլիարդ եվրո է ներդրել 180 ծրագրերի իրականացման համար: Բանկը ներդրումներ է կատարում ֆինանսական, կորպորատիվ ոլորտներում, ենթակառուցվածքների և էներգետիկայի բնագավառում, ներդրումների 90% -ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: -0-