Կարգավորիչը հետ է կանչել շուկայից պաղպաղակի մի շարք արտադրողների արտադրանքը
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հուլիսի սկզբից սկսած Երևան քաղաքում և հանրապետության մարզերում պետական վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում, հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։
«Պետական վերահսկողության ընթացքում արձանագրվել են ինչպես փաստաթղթային-մակնշման, այնպես էլ լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատված խախտումներ: Հիմնական խախտումներ են՝ մակնշման, հումքի և փաթեթավորող նյութերի փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և աշխատակիցների նախնական ու պարբերական բժշկական զննությունների խախտումներ, սանիտարահիգիենիկ պահանջները չպահպանելու դեպքեր»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մակնշման և փաստաթղթային անհամապատասխանությունները հիմնականում պայմանավորված են Եվրասիական տնտեսական միության սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող տեխնիակական կանոնակարգերի պահանջների կիրառմամբ։
«Արդյունքում կասեցվել է մի շարք արտադրողների ինչպես պատրաստի արտադրանքի իրացումը, այնպես էլ հումքի օգտագործումը»,– ասվում է հաղորդման մեջ։
Լաբորատոր փորձաքննության արդյունքում դադարեցվել են պաղպաղակի հետևյալ արտադրողների առանձին գործառույթներ` «Թամարա և Անի» ԲԲԸ, «Ա.Ավետյանի ԱՍԱ», «Իգիթ», «Ոսկե պինգվին» և «Արմսվիթ», իսկ արտադրած պաղպաղակի խմբաքանակները հետ են կանչվել շուկայից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ արտադրողների մոտ դեռևս առկա է ԵԱՏՄ պահանջներին չհամապատասխանող մակնշմամբ փաթեթավորող նյութերի մնացորդ, պատրաստի արտադրանքի մակնշման անհամապատասխանություննեը հանձնարարվել է վերացնել կրկնապիտակների միջոցով:
Լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նաև ներկրված երկու արտադրատեսակներ՝ «Золотой стандарт», «Кореновский молочно-консервный комбинат»-ի պաղպաղակները, որոնցում անհամապատասխանություններ չեն արձանագրվել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փափուկ պաղպաղակի բացօթյա առևտուրն արգելվում է՝ Ծառայությունը իրականացրել է շրջայցեր և կասեցրել այդպիսի մի քանի վաճառք: Մյուս դեպքերում՝ փափուկ պաղպաղակներից կատարվել են նմուշառումներ, որոնք գտնվում են դեռ լաբորատոր փորձաքննության փուլում: -0-