Լեհական բիզնեսը շահագրգռված է Հայաստանի հետ համատեղ նախագծերով. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Լեհական բիզնեսը մեծ շահագրգռվածություն է դրսևորում հայ գործարարների հետ համատեղ նախագծերի հարցում, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոյանը հանձնաժողովի հինգերորդ նիստից հետո։
«Դա այն ձևաչափն է, որը թույլ է տալիս քննարկել գործակցության ամենատարբեր ծրագրեր և որոշումներ կայացնել։ Միջկառավարական հանձնաժողովի նիստից անմիջապես հետո կկայանա հայ–լեհական բիզնես ֆորում»,– ասաց Մելքոնյանը։
Ըստ նրա, նիստի օրակարգը հագեցած է, վերաբերում է էկոնոմիկայի բոլոր ոլորտներին և նախատեսում է էներգետիկայի, մշակույթի, ՏՏ, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության, տրանսպորտի, զբոսաշրջության, առևտրի, արտակարգ պատահարների կանխարգելման և դրանց հետևանքների նվազեցման հարցում փորձի փոխանակման, ռազմատեխնիկական գործակցության ոլորտների համատեղ նախագծերի իրագործման հնարավորություն։
Փոխնախարարը հույս հայտնեց, որ քննարկումներից հետո մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև կոնկրոտ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։
«Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ–ին չի ազդել Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառությանը, որը տարեկան կազմում է շուրջ 50 մլն դոլար։ Վերջին տարիներին աճել է Հայաստանից Լեհաստան ներկրման ծավալը, հիմնականում, ալյումինե փայլաթիթեղի ներկրման գծով»,– ասաց Մելքոնյանը։
Ավելին, նրա խոսքով, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին նոր հնարավորություններ կստեղծի։ Օրինակ, Հայաստանում լեհական կապիտալով ստեղծված հայ–լեհական համատեղ ձեռնարկությունների կամ ընկերությունների արտադրանքն արտոնություններ կունենա կազմակերպության շրջանակում։
«Դա վերաբերում է նաև հիշյալ արտադրանքի արտահանմանն իրանական շուկա, որն այսօր մեծ հետաքրքրություն է ներկայացնում եվրոպական երկրների համար»,– ասաց Մելքոնյանը։ -0-