Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Մենք քաղաքականությունից հեռու մարդիկ ենք. բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ

20.10.2025, 13:32
Նրանք դարձյալ պահանջում են հանդիպում Պապոյանի հետ
Մենք քաղաքականությունից հեռու մարդիկ ենք. բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Այսօր Կառավարության շենքի մոտ կրկին տեղի է ունեցել բեռնափոխադրող վարորդների բողոքի ակցիան։

«Սա քաղաքական չէ, մենք այդ ամենից հեռու մարդիկ ենք։ Սա շրջափակման առաջին փուլն է։ Աշխարհի ամբողջ հայերը պետք է քաղաքական իրենց դիրքորոշումները մի կողմ դնեն և այս խնդրով զբաղվեն։ Եթե այս խնդրին լուծում չտվեցին, հունվարի մեկից կարող են լրիվ շրջափակման մեջ մտցնել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցը նշել է, որ իրենք փորձում են օգնել հայ ժողովրդին, բեռնափոխադրողներին, բիզնեսմեններին։

«Մենք ունենք շատ ուժեղ մարդիկ, թող գան ամեն մեկը իրենց վայրից՝ Ռուսաստանից և այլ տեղերից, ով Ռուսաստանում 1 տոկոսի հնարավորությունը ունի, թող օգտագործեն այն։ Կոչս հենց անմիջապես իրենց է վերաբերում, որ դուրս բերեն մեզ այս վիճակից»,-ասել է նա։

Նրանք գործադիրից պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և հասնել նրան, որ ՌԴ–ն փոխի օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ևս բեռնափոխադրողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով լուծել ՌԴ–ում 90 օրից ավել մնալու հետ կապված խնդիրը։

Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում են այդ խնդրին լուծում տալ և օգտագործել մեղմացուցիչ հանգամանքներ, որպեսզի վարորդները կարողանան իրենց աշխատանքի շրջանակում անխոչընդոտ մուտք գործել Ռուսաստան։

ՌԴ-ում միգրացիայի մասին օրենքի նոր սահմանափակումների մասին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թ.-ի հունվարի 1-ից սկսած, ՌԴ մուտք գործող ոչ վիզային երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, կարող են ՌԴ-ում մնալ ոչ ավելի, քան 90 օր՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում (նախկինում՝ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում): Այս սահմանափակումը վերաբերում է բեռնատարների և ուղևորափոխադրողների վարորդներին, ինչպես նաև օդաչուներին, բորտուղեկցորդներին, ինքնաթիռների սպասարկման անձնակազմին, գնացքի վարորդներին և այլոց: Այս կանոնակարգը խախտած օտարերկրացիները մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ ունեին ՌԴ-ում իրենց բնակության կարգավիճակը լուծելու և վարչական տուգանքներից խուսափելու համար: Տուգանքները ներառում են մուտքի արգելք երեք տարով (թույլատրելի մնալու ժամկետը 90-180 օրով գերազանցելու համար), հինգ տարով (180-270 օրով գերազանցելու համար) և տասը տարով (270 օրով գերազանցելու համար):

Վերջին մեկ ամսվա ընթացքում խստացվել են վերահսկողությունները, որի արդյունքում տասնյակ ՀՀ քաղաքացի վարորդներ հայտնվել են խախտողների հատուկ գրանցամատյանում: