Մի շարք հարկ վճարողներ, հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Մի շարք հարկ վճարողներ, հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ընկերությունը, մեծամասամբ դեղատնային և բժշկական սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների համար, փոխադարձ համաձայնությամբ, ստեղծել է առևտրային և հաշվապահական հաշվառման այնպիսի ծրագրեր, որոնցում ներդրված հատուկ գործիքների միջոցով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման արդյունքում, ձևավորվող իրացման շրջանառության մի մասը չի ներառվել հարկվող շրջանառության մեջ:
Այս կերպ մեկ ընկերության անվամբ գործող շուրջ 60 դեղատներում հնարավորություններ և պայմաններ են ստեղծվել ստվերային շրջանառության առանձնացված հաշվառում վարելու համար։
Արդյունքում՝ նման հանցավոր գործելաոճով, դեղատնային և բժշկական սպասարկման ոլորտում գործող 9 հարկ վճարողի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 2,9 մլրդ դրամի վնաս։
Տվյալների համալիր վերլուծությամբ պարզվել է, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու արդյունքում թաքցվել է շուրջ 34 մլրդ դրամի իրացման շրջանառություն, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 10 մլրդ դրամ հարկ։ Ընդ որում հարկ է նշել, հայտնաբերված հարկի գումարները դեռ էապես ավելանալու միտում ունեն, քանի որ առգրավված տվյալների շտեմարանը զննվել է ոչ ամբողջ ծավալով, ներկայում ուսումնասիրությունները շարունակվում են չվճարված հարկի վերջնական չափը հստակեցնելու նպատակով:
Որոշ դեղատների կողմից իրացվել են մի քանի տասնյակ անվանումներով ՀՀ-ում չթույլատրված և չգրանցված դեղամիջոցներ։
Առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթի շրջանակում, մեկ ընկերության անվամբ գործող 61 դեղատներում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվել են խուզարկություններ։
Արդյունքում, հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր, միաժամանակ վարութային գործողությունների շրջանակներում կասեցվել են դեղատների գործունեությունը: Տվյալ ընկերության կողմից, վարութային գործողությունների արդյունքում, արդեն իսկ ներկայացվել է ճշտված հարկային հաշվարկներ: Առաջացել է 1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ, որից վերականգնվել է 350 մլն դրամը։
Ծանուցում՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։