Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Նաիրի Ինշուրանսը» ապահովագրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 3,5 հազար աշխատակիցների առողջությունը

30.07.2012, 13:44
«Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ապահովագրական ընկերությունը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն հուլիսի 27-ին առողջության կամավոր ապահովագրության մասին պայմանագիր են կնքել, որի շրջանակներում կապահովագրվի ԶՊՄԿ-ի 3,5 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքների (ավելի քան 10 հազար քաղաքացի) առողջությունը:
«Նաիրի Ինշուրանսը» ապահովագրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 3,5 հազար աշխատակիցների առողջությունը
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ապահովագրական ընկերությունը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն հուլիսի 27-ին առողջության կամավոր ապահովագրության մասին պայմանագիր են կնքել, որի շրջանակներում կապահովագրվի ԶՊՄԿ-ի 3,5 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքների (ավելի քան 10 հազար քաղաքացի) առողջությունը:

Պայմանագրի համաձայն, յուրաքանչյուր ապահովագրված աշխատակից տարեկան կտրվածքով կարող է ստանալ շուրջ 5 մլն դրամի համարժեք տարաբնույթ բժշկական ծառայություններ: Նույն պայմաններով էլ ապահովագրվում են նրանց ընտանիքի անդամները` թե´ տարեց ծնողները, թե´ անչափահաս երեխաները:

Ինչպես ասաց «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, քաղաքակիրթ աշխարհում ընդունված պատասխանատու բիզնեսի հայեցակարգը նախատեսում է առաջին հերթին իր աշխատողների առողջության նկատմամբ գործատուի պատասխանատվությունը:

«Մեր օրերում բիզնեսի զարգացումը սերտորեն կապված է հասարակության և դրա սոցիալական բարեկեցության զարգացման հետ: Ի ուրախություն մեզ, այսօր Հայաստանի խոշոր ընկերություններն աստիճանաբար սկսում են գործել պատասխանատու բիզնեսի հայեցակարգին համապատասխան: Դրա վառ օրինակն է այսօր կնքված պայմանագիրը, փաստացիորեն այն վերաբերում է  Քաջարան քաղաքի ողջ բնակչությանը»,-ասել է Բաղդասարյանը:

Ըստ նրա, ԶՊՄԿ-ն՝ ի դեմս գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի, ցույց է տալիս պատասխանատու գործատուի աշխատաոճը:

«Մենք բարձր են գնահատում մեր գործընկերոջ այդ քայլը և որպես Հայաստանի բժշկական ապահովագրման ոլորտի զարգացման համար կարևոր պայման, և որպես վառ օրինակ Հայաստանում գործող մյուս ընկերությունների համար»,- ավելացրեց նա:

Միաժամանակ Բաղդասարյանը նշեց, որ իր գլխավորած ընկերությունը հստակ գիտակցում է իր առջև դրված խնդրի ծավալն ու նշանակությունը, քանի որ «գրեթե ամբողջ քաղաքն ապահովագրելը հեշտ գործ չէ, սակայն մեր բազմամյա գործունեության ընթացքում մենք բազմիցս ապացուցել ենք, որ չենք վախենում դժվարություններից»:

«Նաիրի Ինշուրանս»-ի անձնական պահանջների կարգավորման վարչության պետ , բժիշկ Արմեն Շահինյանի խոսքով՝ այս ծրագիրը առանձնահատուկ է մի քանի առումներով։

«Այն աննախադեպ է ապահովագրվող սոցիալական խմբի խոցելիության տեսանկյունից, ծավալների եւ տրամադրվող ծածկույթի տեսանկյունից, ինչպես նաեւ ծառայությունների տրամադրման կազմակերպման առումով: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի այս քայլը եւ նմանօրինակ դեպքերը կարեւոր նախապայման են հանդիսանում եւ հիմք են ստեղծում հետագայում մեր երկրում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման համար»,- ասաց նա:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Սոս Ղահրամանյանը նշեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր գործունեության ընթացքում պարբերաբար իրականացրել է իր աշխատակիցների առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր:

«Մենք ընտրեցինք «Նաիրի Ինշուրանսը», քանի որ նրանք ունեին ամենաճկուն ապահովագրական փաթեթը: Մեր աշխատակիցների առողջության ապահովումն ու պաշտպանությունն իրականացվելու է քաղաքակիրթ աշխարհում ընդունված սկզբունքներին համապատասխան»,- ասաց նա:

Ղահրամանյանը նշեց նաև, որ աշխատակիցներին բժշկական ապահովագրությունների հատկացումը ոչ մի կերպ չի անդրադառնա նրանց աշխատավարձերի վրա, ապահովագրության ուղղությամբ բոլոր ծախսերն իր վրա է վերցնում կոմբինատը:

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն Հայաստանի ապահովագրական շուկայում աշխատանքի մեծ փորձ ունի (գործում է 1997թ.-ից): Ապահովագրման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը լինելով, «Նաիրի Ինշուրանսը» ամուր դիրքեր ունի շուկայում և պարբերաբար հանդես է գալիս ապահովագրական ծառայությունների նոր առաջարկներով:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն, որը տեղակայված է Քաջարանում, Հայաստանի առաջատար լեռնահանքային ընկերությունն է: ԶՊՄԿ-ն շահագործում է պղնձի և մոլիբդենի հաստատված և կանխատեսված պաշարներով հանքավայրը: -0-