Պետությունը պետք է ստանձնի ՀԷՑ-ի կառավարումը. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. Պետությունը պետք է ստանձնի «ՀԷՑ»-ի կառավարումը և ուսումնասիրի, թե ինչ է տեղի ունենում ընկերությունում, չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀԷՑ-ին առնչվող պատմությունը նոր չի սկսվել»,-ասել է նա՝ հավելելով, որ ՀԷՑ-ի վերաբերյալ դժգոհությունները, ահազանգերը սկսվել են մարզային իր այցելությունների ժամանակ քաղաքացիներից ստացված բողոքներից:
Փաշինյանի խոսքով, իրենք ամենևին չեն ասել, որ պետականացման կամ գնման այդ գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու ՀԷՑ-ի կառավարողը։
«Մեր խնդիրն է գտնել արդյունավետ կառավարիչ, նաև կառավարման նկատմամբ ձևավորել շատ հստակ և արդյունավետ հանրային ու պետական վերահսկողություն»,-ասել է նա։
ՀԷՑ-ի պետականացման մասին
Հուլիսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս պետականացնել ՀԷՑ-ը։ Փոփոխությունները նախաձեռնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 3-ին ԱԺ-ն հաստատել է նախագիծը։ Այդ փոփոխությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին լիազորում են վարչական վարույթ սկսել էներգետիկ օպերատորի դեմ, եթե կան համապատասխան հիմքեր։
ՀԷՑ-ի մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերությունների խմբի մաս է կազմում, որը պատկանում է գործարար և բարերար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է Հայաստանում հունիսի 18-ին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով մոտ 1 մլն բաժանորդի։
2016 թ.-ից ի վեր «Տաշիր» ընկերությունների խումբը միայն ՀԷՑ-ի արդիականացման մեջ ներդրել է մոտ 680 մլն դոլար, իսկ նոր հզորությունների ստեղծման մեջ ներդրվել է ևս 150-200 մլն դոլար։ Մինչև 2034 թ.-ը նախատեսվում է ՀԷՑ-ի ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանի էներգետիկ համակարգում հասցնել 540 մլրդ դրամի։ ($1 - 384.12 դրամ)