Рейтинг@Mail.ru
USD
389.45
EUR
443.12
RUB
4.7797
GEL
141.62
2025 թ. ապրիլի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Ռիսկերի գնահատում և պորտֆելի դիվերսիֆիկացում․ Cube Invest հայկական ընկերության գլխավոր տնօրենը՝ ներդրումների միֆերի և իրական առանձնահատկությունների մասին

10.03.2025, 15:37
Հաջող ներդրումային պորտֆել ձևավորելու համար անհրաժեշտ է առանձնացնել երկու հիմնական քայլ, ասաց Cube Invest ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը
Ռիսկերի գնահատում և պորտֆելի դիվերսիֆիկացում․ Cube Invest հայկական ընկերության գլխավոր տնօրենը՝ ներդրումների միֆերի և իրական առանձնահատկությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 մատի․/ԱՌԿԱ/․ Հաջող ներդրումային պորտֆել ձևավորելու համար անհրաժեշտ է առանձնացնել երկու հիմնական քայլ, ասաց Cube Invest ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը։

«Առաջինը․ ռիսկի ախորժակի ճիշտ գնահատում, այսինքն պետք է հասկանալ հաճախորդի ներդրումային հորիզոնը։ Երկրորդը․ շատ կարևոր է պորտֆելի դիվերսիֆիկացումը։ Ընթացիկ իրավիճակում անորոշությունը մեծ է, և ցանկացած գործոն, երկրի առաջնորդի հայտարարություն կամ նորություն կարող է շատ կտրուկ ազդեցություն ունենալ, այդ պատճառով պորտֆելի դիվերսիֆիկացումը կարևոր դեր է խաղում», – ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Խոսելով այն մասին, որ շատերի մոտ, հատկապես Հայաստանում, կան կարծրատիպեր ներդրումների մասին՝ Մարգարյանն անդրադարձավ դրանցից հինգին։

«Առաջինը կառանձնացնեմ «Ներդրումը հարուստների համար է» կարծրատիպը։ Կարծում եմ, որ սա միֆ է։ Այսօր գոյություն ունեն նեդրումային տեխնոլոգիաներ, օրինակ այսպես կոչված ֆրակցիոն բաժնետոմսերը, որոնք թույլ են տալիս ներդրողներին գնել արժեթղթի մի մասը, այլ ոչ թե ամբողջ լոտը։ Ես համաձայն չեմ այն պնդման հետ, որ ներդրում կարող են կատարել միայն հարուստները, այսօր նման հնարավորություն ունեն բոլորը, ցանկացած մարդ՝ նույնիսկ ամենանվազագույն գումարով», – ասաց նա։

Մարգարյանի խոսքով, երկրորդ կարծրատիպն է «Ներդրումները նման են մոլախաղերին»։

«Սրա հետ նույնպես համամիտ չեմ, քանի որ գոյություն ունի կոնկրետ ժամանակահատվածում այս կամ այն հանգամանքների ազդեցության լուրջ, հիմնարար վերլուծություն։ Ոչ բոլոր դեպքերում է հնարավոր ամեն ինչ կանխատեսել, բայց հիմնարար վերլուծությունը թույլ է տալիս անել որոշակի կանխատեսումներ։ Իսկ մոլախաղերն աշխատում են բոլորովին այլ սկզբունքով, և, ընդհանուր առմամբ, համեմատության զուգահեռներ չեմ տեսնում», – նշեց նա։

Ինչպես պարզաբանեց Cube Invest–ի գլխավոր տնօրենը, երրորդ կարծրատիպը վերաբերում է շուկայի գիտելիքների իմացության անհրաժեշտությանը, որը գտնվում է միֆի և իրականության միջև։

«Կա ներդրողների երկու տեսակ՝ ակտիվ և պասիվ։ Ակտիվ են նրանք, ովքեր սիրում են ինքնուրույն հետևել շուկային, կարդալ նորություններ և դրանց հիման վրա ընդունել որոշումներ։ Այս դեպքում՝ այո, պահանջվում են գիտելիքներ։ Բայց այսօր կան շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներ, ովքեր կարող են տրամադրել պրոֆեսիոնալ խորհրդատվական ծառայություններ նրանց, ովքեր չունեն ժամանակ կամ հնարավորություններ՝ շուկայական միտումներին հետևելու համար», – ասաց նա։

«Ներդրում մեկ ընկերության մեջ» և «Ներդրումները ռիսկային են» միֆերը Մարգարյանի միավորեց մեկ կետում և նշեց, որ, անխոս, պետք չէ ներդրում կատարել մեկ ընկերության մեջ՝ հատկապես հաշվի առնելով մեծ թվով անորոշությունները։

«Միաժամանակ ներդրումները, այո, ռիսկային են, ոչ ոք չի վիճում։ Բայց այդ ռիսկերը կարելի է զսպել և հավասարակշռել դիվերսիֆիկացման, հիմնարար վերլուծության միջոցով։ Ամենասխալ մոտեցումներից մեկն այն ընկերությունում ներդրումներ կատարելն է, որի մասին ինչ-որ տեղ ինչ-որ մեկն ասել է, որ արժե: Առանց ընկերության մասին պատշաճ տեղեկության, որն այսօր ապահովում է աճ այս կամ այն գործոնների հաշվին, հնարավոր չէ իմանալ, թե երբ կգա այդ ընկերության բաժնետոմսերի պայմանական վաճառքի ժամանակը, եթե ընկերությունը սկսի անկում գրանցել։ Այդ պատճառով ճիշտ որոշումներ ընդունելու համար պետք է տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանն ու վերլուծությանը», – ընդգծեց նա։