Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

S&P–ը հաստատել է Ամերիաբանկի վարկանիշը «B+/B» մակարդակում` կայուն կանխատեսմամբ

06.06.2020, 12:07
S&P Global Ratings գործակալությունը հաստատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի էմիտենտի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային վարկանիշերը «В+/B» մակարդակում, վարկանիշերի փոփոխության կանխատեսումը «Կայուն է»
S&P–ը հաստատել է Ամերիաբանկի վարկանիշը «B+/B» մակարդակում` կայուն կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. S&P Global Ratings գործակալությունը հաստատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի էմիտենտի երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային վարկանիշերը «В+/B» մակարդակում, վարկանիշերի փոփոխության կանխատեսումը «Կայուն է»։

«Ամերիաբանկի վարկանիշերի հաստատումն արտացոլում է մեր կարծիքն այն մասին, որ լիկվիդայնության բավարար պաշարները, ռիսկերի կշռադատված կառավարումն ու ներքին շուկայում բրենդի լավ ճանաչվածությունը թույլ կտան Ամերիաբանկին հակազդել պոտենցիալ ճնշմանը, որը կապված է մակրոտնտեսական վիճակի վատացման և COVID-19 համավարակի հետ», – նշվում է վարկանշային գործակալության հայտարարության մեջ, որը տրամադրել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։

S&P–ի փորձագետներն ակնկալում են, որ անհրաժեշտության դեպքում բանկը կարող է աջակցություն ստանալ բաժնետերերի, ինչպես նաևՀայաստանի բանկային հատվածի կարգավորչի կողմից միջոցառումների տեսքով, որոնք կարող են օգնել բանկին հաղթահարել դժվարությունները համավարակի ժամանակաշրջանում, այդ միջոցառումների թվում են լրացուցիչ լիկվիդայնության տրամադրումը, կապիտալի կամ լիկվիդայնության նկատմամբ պահանջի մեղմացումը և առանցքային տոկոսադրույքի նվազեցումը։ 

Նշվում է, որ Ամերիաբանկի վարկանիշերն արտացոլում են վարկանիշի «bb-» բազային մակարդակը, որի հիման վրա որոշվում է առևտրային բանկերի էմիտենտի վարկային վարկանիշը, որոնք գործառնական գործունեություն են ծավալում առավելապես Հայաստանում։

«Ակնկալում ենք, որ Հայաստանի բանկային հատվածը կկարողանա գործել բարձր տնտեսական ռիսկերի պայմաններում 2020–2021թթ.–ին։ Մեր կանխատեսմամբ, 2020թ.–ին հայկական տնտեսության աճի տեմպերը կնվազեն մոտ 2%–ով, այնուհետև 2021թ.–ին կավելանան 4,9%–ով 2020թ.–ի երրորդ եռամսյակում կարանտինային միջոցառումների թուլացման և գործարար ակտիվության վերականգնման պայմանի դեպքում», – նշվում է հայտարարության մեջ։

Վարկանշային գործակալությունում կարծում են, որ COVID-19 համավարակից առավելապես տուժած ոլորտների (տուրիզմի, ռեստորանային բիզնեսի, ժամանցի և տրանսպորտի ոլորտներ) վարկավորման մասնաբաժինը կազմում է բանկային հատվածի կողմից տրամադրված ընդհանուր վարկերի մոտ 10-15%–ը։

Ամերիաբանկը խոշորագույն բանկ է, որը գործում է Հայաստանի բանկային ծառայությունների փոքր շուկայում, բանկը ֆինանսական ծառայություններ է մատուցում մոտ 3մլն բնակչության։ 2020թ.–ի մարտի 31–ի դրությամբ բանկի շուկայական մասնաբաժինը ակտիվների ծավալով կազմել է 15,5%։

Գործակալության փորձագետներն ակնկալում են, որ 2021թ.–ին Ամերիաբանկի կապիտալիզացման մակարդակը կբարձրանա նոր ներդրողներից ստացվող կապիտալի շնորհիվ։ Սկզբում այդ ներդրումները նախատեսված էին 2020թ.–ին, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք կհետաձգվեն COVID-19 համավարակի պատճառով։

«Մեր կանխատեսմամբ, 2020թ.–ին բանկը հաշվետվություններում կունենա շահութաբերության ավելի ցածր ցուցանիշներ բիզնեսի ընդլայնման սահմանափակ հնարավորությունների, վարկերից հնարավոր կորուստների նպատակով պահուստների ձևավորման ծախսերի ավելացման և մարժայի ցուցանիշների ճնշման պատճառով, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի համավարակի ազդեցությամբ։ Շահույթի նվազումը բացասաբար կազդի բանկի կապիտալի դիրքորոշման վրա», – կարծում են S&P–ում։

Վարկանշային գործակալության մասնագետների կարծիքով, ռիսկերի կառավարման պահպանողական և մանրամասն մշակված պրակտիկայի շնորհիվ Ամերիաբանկը կկարողանա ավելի լավ դիմակայել COVID-19-ի ազդեցությամբ պայմանավորված գլոբալ տնտեսական անկմանը, քան այլ հայկական և միջազգային ֆինանսական կազմակերպություններ։ 

«Միաժամանակ մենք կարծում ենք , որ բանկի խնդրահարույց վարկերի մասնաբաժինը կարող է աճել` 2020–2021թթ.–ի հասնելով 6-7%–ի` 2020թ.–ի մարտի 31–ի դրությամբ գրանցված 4,1%–ի համեմատ։ Մեր հիմնական սցենարով հնարավոր է, որ Ամերիաբանկը պահպանի մանրածախ և կորպորատիվ ավանդատուների կայուն բազա, ինչպես նաև լիկվիդայնության զգալի պաշարներ»,– նշել են S&P–ից։

Նշվում է, որ Ամերիաբանկի երկարաժամկետ վարկանիշը («В+») մեկ աստիճան ցածր է սեփական վարկունակության բնութագրի գնահատականից (stand-alone credit profile — SACP)` «bb-», քանի որ S&P–ում կարծում են, որ ինքնավար կառավարության վարկունակության առավել ցածր բնութագրերը բանկի վարկանիշերի մակարդակը սահմանափակող հիմնական գործոնն են։

Ըստ հաղորդագրության, «Կայուն» կանխատեսումն արտացոլում է փորձագետների կարծիքն այն մասին, որ առաջիկա 12 ամսում լիկդիվայնության բավարար պաշարները, ռիսկերի կշռադատված կառավարումն ու ներքին շուկայում բրենդի լավ ճանաչվածությունը թույլ կտան Ամերիաբանկին հակազդել պոտենցիալ ճնշմանը, որը կապված է մակրոտնտեսական վիճակի վատացման և COVID-19 համավարակի հետ։

«Մենք նաև հավանական ենք համարում, որ բանկն անհրաժեշտության դեպքում աջակցություն կստանա բաժնետերերի կողմից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ գործակալությունում չեն բացառել առաջիկա 12 ամսում Ամերիաբանկի վարկանիշի նվազման հավանականությունը, եթե բանկային հատվածի վրա մակրոտնտեսական անբարենպաստ իրավիճակի և COVID-19 համավարակի բացասական ազդեցությունը լինի ավելի զգալի, քան կանխատեսվում էր բազային սցենարի շրջանակում։

Դրա հետևանքով կառաջանա ավելի ուժեղ ճնշում կապիտալի գործակցի վրա, որը շտկվել է` հաշվի առնելով ռիսկը (risk-adjusted capital — RAC), ինչպես նաև լիկվիդայնության և Ամերիաբանկի ակտիվների որակի վրա։

«Առաջիկա 12 ամսում քիչ հավանական են վարկանիշերի բարձրացումն ու վերանայումը «Դրական» կանխատեսման։ Մեր կարծիքով, բանկի վարկունակությունը սերտորեն կապված է ինքնավար կառավարության վարկունակության հետ։ Որպես հետևանք, մենք քիչ հավանական ենք համարում բանկի վարկանիշերի բարձրացումը կառավարության վարկունակության բնութագրերի լավացման բացակայության պայմաններում», – եզրափակել են S&P–ում։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։–0–