Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը. Կարապետյանի պաշտպանության խորհուրդը պատասխանել է ՀՀ կառավարությանը
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։ Այս մասին նշվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Երկուշաբթի ՀՀ կառավարությունը հայտնել է, որ արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները։
«2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթների կատարումից, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից»,-նշվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Արբիտրաժի կողմից որոշման հրապարակումից հետո Հայաստանի Հանրապետության պետական մարմինները հանդես եկան մի շարք հայտարարություններով՝ նշելով, որ հրատապ արբիտրաժի որոշումները կարող են չկատարվել ՀՀ կառավարության կողմից, և ՀՀ տարածքում կատարման համար դրանք նախ և առաջ պետք է ճանաչվեն ՀՀ դատարանների կողմից։ Բացի այդ, Հայաաստանի Հանրապետությունը շարունակեց ՀԷՑ-ի բռնագրավման ուղղությամբ իր քայլերի կատարումը։ Մասնավորապես, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը աշխատանքից ազատեց և շարունակում է աշխատանքից ազատել ընկերության առանցքային աշխատակիցներին և մասնաճյուղերի տնօրեններին՝ խախտելով հրատապ արբիտրի որոշումը։
«Այդ կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 29-ին Սամվել Կարապետյանն ու ընտանիքը կրկին դիմել են հրատապ արբիտրաժին՝ խնդրելով լրացում կատարել հուլիսի 22-ին ընդունված որոշման մեջ և լրացուցիչ պարզաբանում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առ այն, որ վերջինս պարտավոր է կատարել արբիտրաժի որոշումը և վերականգնել ներդրողների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ գոյություն ունեցող ստատուս քվոն, ինչպես նաև պարտավորեցնել հաշվետվություն ներկայացնել որոշման կատարմանն ուղղված քայլերի մասին։ 2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել քննության չառնել ավելի վաղ իր կողմից ընդունված որոշման լրացման անհրաժեշտությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր կողմից հուլիսի 22-ին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն իսկ ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման»,-ասվում է հայտարարության մեջ։
Հուլիսի 22-ին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
Նշվում է, որ 2025 թ.-ի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։
Ի պատասխան՝ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակումը չի հակասում Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմանը և նպատակ ունի կանխել ճգնաժամերը և բացահայտել ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված խախտումները։