Рейтинг@Mail.ru
USD
398.94
EUR
410.95
RUB
3.8929
GEL
140.52
2025 թ. հունվարի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Super-app և դիվիդենտներ․ TelCell–ը հայտարարում է ընկերության բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին

04.11.2024, 13:05
TelCell-ի բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է դինամիկ զարգացման, տեսանելի աճի և ամենակարևորը՝ ընկերության նկատմամբ մարդկանց վստահության մասին, հայտարարեց «Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը
Super-app և դիվիդենտներ․ TelCell–ը հայտարարում է ընկերության բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ TelCell-ի բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է դինամիկ զարգացման, տեսանելի աճի և ամենակարևորը՝ ընկերության նկատմամբ մարդկանց վստահության մասին, հայտարարեց «Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։

 «Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը և «Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արաքսյա Հարությունյանը միջոցառման ժամանակ խոսել են IPO-ի նպատակների, տեղաբաշխման գործընթացի, ինչպես նաև արժեթղթերում կատարվող ներդրումների առավելությունների և ռիսկերի մասին։

Շուրջ 1,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով մոտ 4 մլն բաժնետոմսերի հրապարակային առաջարկի (IPO) մասին Telcell ընկերությունը հայտարարել է սեպտեմբերի 18-ին: Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմսն է, առավելագույնը՝ 500 հազար բաժնետոմսը: Telcell-ի բաժնետեր կարելի է դառնալ առանց որևէ տեղ այցելելու, ընդամենը մի քանի հպումով՝ Telcell Wallet հավելվածի միջոցով: Բաժնետեր կարելի է դառնալ նաև՝ այցելելով գործընկեր «Արմբրոկ» ընկերության գրասենյակ:

«Մենք հասել ենք զարգացման այնպիսի փուլի, երբ հաջորդ քայլը պետք է դառնա ընդլայնման համար նոր հարթակների որոնումը, և դրանց հնարավորություններից մեկը հասնել բաժնետոմսերը վաճառքի և դառնալ հասարակության արժեքներից մեկը», - նշեց Ղազարյանը։

Տեղաբաշխման նպատակների, գործընթացի և դիվիդենտների մասին 

«Telcell ընկերության թողարկած բաժնետոմսերի վաճառքն ակտիվ շարունակվում է, արդեն հազարավոր բաժնետերեր, որոնց թվում են բավականին հայտնի և հեղինակավոր ընկերություններ, կատարել են իրենց ամենակարևոր ներդրումը Հայաստանի ֆինանսական էկոհամակարգերից մեկում», – ասաց Ղազարյանը։

Նա պարզաբանեց, որ ընկերությունն ավելի շատ նպատակաուղղված է մանրածախ շուկային՝ ձգտելով ունենալ ավելի շատ բաժնետերեր, թեկուզ փոքր մասնաբաժնով, և որ Telcell ընկերության 17-ամյա գործունեությունն ապահովել է այն կայուն հենքը, որը կմղի մարդկանց կայացնելու ողջամիտ և շահավետ ֆինանսական որոշում՝ բաց չթողնելով հեռանկարը։

«Հայաստանում ներդրումների նոր մշակույթ ենք ձևավորում, և յուրաքանչյուր ոք հնարավորություն է ստանում դառնալու ֆինանսական ու տեխնոլոգիական նորամուծությունների շարժիչ ուժ», – ասաց Telcell–ի գլխավոր տնօրենը։ 

super_app_telcell_ - рис.1

Նրա խոսքով, առաջնային հրապարակային վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։ 

«Դեռևս կա մեկ ամիս՝ անդադար նորարարությունների ձգտող և իր ծառայությունների ու գործիքների շրջանակն ընդլայնող ընկերությանը մասնակից դառնալու համար», – ասաց նա։

Նա նշեց, որ սա գրավիչ հնարավորություն է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ընկերությունը նպատակ ունի վճարել մեծ թվով դիվիդենտներ։ 

«Մենք մտադիր ենք տարեկան շահույթի առնվազն 50%–ը տեղաբաշխել դիվիդենտների տեսքով», – ընդգծեց Ղազարյանը։

Նա պարզաբանեց, որ դիվիդենտները բաշխվելու են 2025թ․–ի մայիս–հունիսին, և այդ ժամանակահատվածում շահութաբերությունը կարող է կազմել 7-7,5%։ 

«Սա բավականին հավակնոտ և աննախադեպ առաջարկ է, հատկապես մեր նման ընկերությունների շրջանում», – ասաց ընկերության ղեկավարը։

Ընկերության տվյալներով, վերջին 7 տարիների ընթացքում Telcell-ը գրանցել է տարեկան միջինը 37 տոկոս շահույթի աճ։ 2024 թվականին, ըստ ընկերության կանխատեսումների, հնարավոր կլինի ապահովել մոտ 2 մլրդ դրամի շահույթ:

«Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արաքսյա Հարությունյանի խոսքով, աննախադեպ ակտիվությանը նպաստել է ներդրումների հասանելիությունը։

«Համոզված ենք, որ TelCell -ի տեխնոլոգիական և ֆինանսական ներուժը ավելի քան բավարար են անհատ և ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը գրավելու համար», – ասաց նա։

Նրա գնահատմամբ, այս տեղաբաշխումը առանձնակի կարևորություն ունի՝ ՀՀ-ում ինչպես կապիտալի շուկայի, այնպես էլ ֆինտեխ հատվածի զարգացման և նորարարական մոտեցումների հետագա ներդրման տեսանկյունից:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ ներդրողների շրջանում կան ֆինանսական ոլորտի, ինստիտուցիոնալ կառույցների, տնտեսության իրական հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ ներդրողներ։

«Հենց սա էր մեր նպատակը՝ անհատ ներդրողների առկայությունը, քանի որ եթե ներդրումներն իրականացվեին մարդկանց մի քանի խմբերի կողմից մեծ լոտերով, ազատ շրջանառության ծավալը չէր ապահովվի և հասարակության լայն շերտերին ներգրավելու նպատակը չէր իրականացվի»,– պարզաբանեց նա։

Փոխակերպում մարքեթփլեյսի

 «Մեր հիմնական նպատակը ֆինտեխ ոլորտի զարգացումն է։ Մենք մտադիր ենք կանխիկ դրամը (շրջանառությունը) ուղղել դեպի անկանխիկ, և այս համատեքստում հնարավորինս զարգացնել առցանց գործիքները»,- ասաց TelCell-ի գործադիր տնօրենը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նա պարզաբանեց, որ TelCell-ը նախատեսում է ստեղծել «super-app», այն է՝ ընկերության հավելվածը վերածել ինքնատիպ մարքեթփլեյսի՝ մի հարթակի, որտեղ հնարավոր կլինի օգտվել բազմաթիվ հնարավորություններից և ֆինանսական գործիքներից։ 

«Մենք արդեն սկսել ենք ներդնել մի շարք գործիքներ այդ հարթակի ապահովման համար, այդ թվում՝ Visa Digital քարտը, վարկային պրոդուկտները: Ապագայում նախատեսվում է համագործակցել ֆինանսական հատվածի գրեթե բոլոր դերակատարների հետ»,- ասաց Ղազարյանը։ 

Ավանդնե՞ր, թե՞ արժեթղթեր 

«Արմբրոկ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արաքսյա Հարությունյանն ասաց, որ վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիները սկսել են իրենց խնայողությունների մեծ մասը ներդնել պարտքային գործիքներում, այդ թվում՝ բանկերի կորպորատիվ պարտատոմսերում։ 

super_app_telcell_ - рис.2

«Հիմա պարտատոմսերից անցում է կատարվում բաժնետոմսերի։ Վերջին տարիներին մի քանի ընկերություններ սկսել և հաջողությամբ ավարտել են IPO-ները: Իսկ հաջողակ փորձը սովորելու լավագույն միջոցն է»,- ասաց նա: 

Ինչպե՞ս կզարգանա ֆինանսական շուկան 

Արտյոմ Ղազարյանի կանխատեսումներով՝ Հայաստանի ֆինանսական շուկան կարճաժամկետ հեռանկարում կգնա պարտքային և մասնաբաժնային գործիքների զարգացման և միջազգային ինտեգրման ճանապարհով, ինչը կարող է շատ լայն հնարավորություններ ստեղծել տեղական բիզնեսի համար։ 

Նշելով, որ ավանդը խնայողական գործիք է, իսկ բաժնետոմսերն ու պարտատոմսերը ներդրումներ են, որոնք ենթադրում են ինչպես բիզնեսի աճ և ընդլայնում, այնպես էլ ռիսկեր՝ նա խորհուրդ տվեց դիմել պորտֆելի դիվերսիֆիկացման ոչ միայն ավելի շատ եկամուտ ստանալու, այլև ռիսկերը հավասարակշռելու համար:

«Սա գրագետ մոտեցում է սեփական ֆինանսները կառավարելու հարցում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար», - եզրափակեց TelCell-ի գլխավոր տնօրենը: 

TelCell ընկերության մասին

Telcell վճարահաշվարկային ընկերությունը հիմնադրվել է 2007թ. Հայաստանում՝ որպես առաջին վճարային տերմինալային ծառայություններ մատուցող ընկերություն։ Ներկայում այն ունի ամենամեծ տերմինալային ցանցը և ճկուն Telcell Wallet հավելվածը։ Ընկերությունը կարողացել է պահպանել առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում և դիվերսիֆիկացրել պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։

Բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ մանրամասներ կարելի է գտնել invest.telcell.am կայքում։

«Թել-Սել» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ($1 - 387.17 դրամ)