Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Տաքսիների դեղին համարները չեն հաստատում դրանց ծառայությունների որակը. Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն

14.03.2013, 20:44
Տաքսիների դեղին համարները չեն վկայում մատուցվող ծառայությունների որակի մասին, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց կառավարության աշխատակազմին առընթեր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գլխավոր փաստաբան Գևորգ Գևորգյանը։

Տաքսիների դեղին համարները չեն հաստատում դրանց ծառայությունների որակը. Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Տաքսիների դեղին համարները չեն վկայում մատուցվող ծառայությունների որակի մասին, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց կառավարության աշխատակազմին առընթեր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գլխավոր փաստաբան Գևորգ Գևորգյանը։

Հայաստանում 2007 թվականի հունվարից որպես տաքսի աշխատող ավտոմեքենաների վրա տեղադրվել են դեղին գույնի պետական համարներ։ Ավելի վաղ նույնը կատարվել էր երթուղային տաքսիների նկատմամբ։

Ըստ նրա` բնակչության շրջանում որոշակի կարծրատիպ է ձևավորվել, թե դեղին համարներով մեքենան վկայում է դրա` տաքսի ծառայությանը պատկանելու մասին, և դրանց վերացումից կարող է խառնաշփոթ առաջանալ։

«Հավաստիացնում եմ, որ դա այդպես չէ։ Դեղին համարներ կարող է ունենալ ցանկացած անհատ ձեռնարկատեր, և ոչ միայն ծառայությունների ավտոմեքենաները, և դրանք որևէ կերպ չեն խոսում ծառայությունների որակի, հաշվիչի առկայության կամ վարորդի պրոֆեսիոնալիզմի մասին»,– ասաց Գևորգյանը։

Նա պարզաբանեց, որ տաքսու դեղին համարների ներդրման միակ նպատակը դրանց հաշվառելն էր, և այդ խնդիրը լուծված է։ Այսպես, նրա տեղեկացմամբ, այսօր Հայաստանում օրինական գոյություն ունի մոտ 9 հազար տաքսի, որոնցից ավելի քան 7 հազարը պատկանում է 500 գործող տաքսի ծառայությունների։

«Ներկայում տաքսու «օրինականության» մասին կարելի կլինի դատել ավտոմեքենայի ետևի ապակուն փակցված անդորրագրից։ Դրա նմուշը, օրենսդրության համաձայն, պետք է մշակի տրանսպորտի և կապի նախարարությունը, բայց չեմ կարծում, թե այն էապես կտարբերվի ԱՊՊԱ և տեխզննման անդորրագրերից»,– նշեց փաստաբանը։

Բացի այդ, ըստ նրա, լրացումների շնորհիվ, լիցենզիայի` տարեկան 120 հազար դրամ կազմող ստացման ծախսերը կնվազեն 17 հազար դրամով, որոնք վճարվում էին դեղին համարներ ստանալու համար։

Գևորգյանը հայտնեց նաև, որ բացի դեղին համարների վերացումից, օրինագիծը նախատեսում է ամենօրյա բուժզննության ձևական պահանջների վերացում, ինչպես նաև տուգանքների խստացում առանց լիցենզիայի մասնավոր սպասարկման համար 20 հազար դրամից մինչև 50 հազար դրամ։

«Օրենսդրական փաթեթը կքննարկվի կառավարությունում առաջիկա շաբաթներին, և հավանության արժանանալու դեպքում ստանդարտ ընթացակարգով կանցնի Ազգային ժողովում քննարկում։ Լրացումներն ուժի մեջ կմտնեն դրանց ընդունումից վեց ամիս հետո»,– ավելացրեց նա։

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը մշակել է տաքսու և հանրային տրանսպորտի լիցենզավորման ընթացակարգի պարզեցման օրենսդրական փաթեթ, որի համաձայն` առաջարկվում է վերացնել տաքսու դեղին համարները։

Դեղին համարների և հաշվառման անդորրագրերի տրամադրման փոխարեն ճանապարհային ոստիկանությունն առաջարկում է խստացնել վերահսկողությունը հատուկ պաշտպանությամբ անդորրագրերի (նման են տեխզննման և ԱՊՊԱ անդորրագրերին) միջոցով, որոնք տրամադրվելու են լիցենզիայի և ներդիրի հետ միասին և փակցվելու են տաքսի ավտոմեքենայի ետևի ապակուն։ -0-