Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի

16.11.2016, 21:15
Բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատև խաղի կանոններ, ասել է Հայաստանի վարչապետ Վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատև խաղի կանոններ, ասել է Հայաստանի վարչապետ Վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում Եվրասիական միջկառավարական խորհուրդը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին նախագիծը:

Վարչապետը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորել է նիստի ընթացքում ընդունված փաստաթղթերը, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը:

«Կարծում եմ՝ կարևոր փուլ է առաջ շարժվելու համար: Գրավիչ հանգամանքը Հայաստանի համար մեծ շուկան է: Եթե մեծ շուկան կանոնակարգվում է, խաղի կանոնները ֆիքսվում են, ապա կանոնավոր աշխատող բիզնեսի համար դա լավ է: Բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատև խաղի կանոններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Նախագծի քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ի թիվս տնտեսական զարգացման և միասնական տնտեսական տիրույթի հետագա առաջընթացը կարգավորող այլ հարցերի, մասնավորապես՝ հաշվի են առնվել անդամ երկրների բիզնեսի շահերը:

Միջկառավարական խորհրդի նիստում հավանության են արժանացել նաև միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը, որոնց համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա:

«Արդյունքում միասնական ընթացակարգին համապատասխան ԵՏՄ անդամ երկրներում գրանցված և ճանաչում ստացած դեղամիջոցների համար կապահովվի ազատ շրջանառություն ամբողջ ԵՏՄ տարածքում՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի»,– ասվում է հաղորդագրությունում։

Կողմերը կարևորել են այն հանգամանքը, որ նախագիծը կհանգեցնի ԵՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու դրանց գների նվազեցմանը:

Միաժամանակ ընդգծվել է, որ երկու նախագծերի ընդունումն էական քայլ է միասնական շուկայի կայացման ուղղությամբ:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2017 թվականի առաջին եռամսյակում՝ Բիշքեկում: -0-