Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Վնասվել է «TopResa' 2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի հայ–ղարաբաղյան տաղավարը

19.09.2012, 19:52
Սեպտեմբերի 18-ի գիշերն անհայտ անձինք վնասել են Փարիզում կայանալիք «TopResa' 2012» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Սեպտեմբերի 18-ի գիշերն անհայտ անձինք վնասել են Փարիզում կայանալիք «TopResa' 2012» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մասնավորապես, վնասվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող պաստառները։ Դեպքի մասին իրազեկվելուն պես Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ՀԱՄՀ պատվիրակության հետ համատեղ դեպքի վայր են հրավիրել ցուցահանդեսի կազմակերպիչ կողմի ղեկավարությանը, և միջադեպն արձանագրվել է:

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից բողոքներ են ստացվել Արցախի մասնակցության վերաբերյալ:

Հայկական կողմի պահանջով հատուկ հսկողություն է սահմանվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարի մոտ: Հայկական տաղավարի նախկին տեսքն ամբողջովին վերականգնված է, և Արցախի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է:

Սույն թվականի սեպտեմբերի 18-21-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնում են Հայաստանը և Արցախը «TopResa' 2012» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին, որն անցկացվում է սեպտեմբերի 18-21–ը Փարիզում:

Հատկանշական է, որ միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կներկայացվեն միասնական տաղավարի ներքո: Համատեղ մասնակցության այս նախադեպով հանդերձ, միջազգային հանրությանը ներկայացվելու է Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին վերափոխված նոր գովազդային նյութեր և քարտեզներ: -0-