Ոսկե զարդերի արտադրության համար նախատեսված ազատ առևտրի գոտին կարող է Հայաստանում գործել արդեն 2013թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ոսկե զարդերի արտադրության համար նախատեսված ազատ առևտրի գոտին (ԱԱԳ) կարող է Հայաստանում գործել արդեն 2013թ.–ին, Երևանում կայացած ոսկե զարդերի ցուցահանդեսի ընթացքում «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Հայ ոսկերիչների ասոցիացիայի փոխնախագահ (AJA) Պերճ Աբաջյանը (Berge Abajian)։
«Գործը 80 տոկոսով արդեն արված է, և այժմ մենք տեղ ենք փնտրում, որտեղ կկարողանանք սկսել արտադրության գործընթացը։ ՀՀ կառավարությունն արդեն իր հավանությունը տվել է և մենք առաջ ենք ընթանում։ Գոտին կարող է գործել արդեն առաջիկայում` վեց ամսից մինչև մեկ տարի անց»,– ասաց Աբաջյանը։
Ըստ նրա` այսօր հայ ոսկերիչներն աշխարհի լավագույններից են, այդ պատճառով ձգտում կա նրանց հավաքելու և Հայաստանի բիզնես դաշտ վերադարձնելու ուղղությամբ, և ազատ առևտրի գոտու ստեղծումը կարևոր է այդ գաղափարն իրականացնելու հարցում։
AJA փոխնախագահը նշեց, որ Գոտու շրջանակներում ոսկե զարդերը կարտադրվեն միայն արտահանման համար։
AJA նախագահ Գագիկ Գևորգյանն իր հերթին լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԱԳ–ի շրջանակներում աշխատակիցների միջին քանակով` 30–50 մարդ և 400–500 դոլար միջին աշխատավարձով ոսկե զարդերի պատրաստման արտադրական գործարաններ կբացվեն։
«Գործարանների քանակը նույնպես կախված է այն տարածքից, որը մեզ պատրաստ է տրամադրել պետությունը... Եվ եթե այս տարի լուծվի տարածքի խնդիրը, վստահորեն կարելի է ասել, որ հաջորդ տարվանից արդեն կգործեն գործարանները»,– ասաց Գևորգյանը։
Միաժամանակ նա նշեց, որ արդեն կան գործընկերներ, մասնավորապես` Հնդկաստանից, որոնք պատրաստ են գալ և մեկ ամսից բացել իրենց գործարանները։
Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA) հիմնադրվել է 1997թ.–ին` ողջ աշխարհից հայ ոսկերիչների հավաքից հետո։ AJA–ն Հայաստանի զարգացման և միջազգային առևտրային ասոցիացիաներից մեկն է։ AJA–ի նպատակն է համախմբել հայ ոսկերիչներին, որպեզի զարգացնի երկրի ոսկերչական արդյունաբերությունը։ Ասոցիացիան տարածաշրջանային ներկայացուցիչներ ունի ԱՄՆ–ի արևմտյան և արևելյան ափերին, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հայաստանում։ –0–