Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՎԶԵԲ-ը մեծ տեղ է հատկացնելու Հայաստանում ՓՄՁ-ների համար ծրագրերին. Չակրաբարտի

07.03.2019, 21:12
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
ՎԶԵԲ-ը մեծ տեղ է հատկացնելու Հայաստանում ՓՄՁ-ների համար ծրագրերին. Չակրաբարտի

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը, նշելով, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և հայտարարված տնտեսական հեղափոխության օրակարգի համար՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով:

Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները:

«Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումները, պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում:

ՎԶԵԲ նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին:

Պարոն Չակրաբարտին անձամբ իր և ՎԶԵԲ-ի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը` նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում:

Նա նշել է, որ այդ աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հետագա փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ, անդրադարձել մայիսին կայանալիք ՎԶԵԲ տարեկան համաժողովի աշխատանքներին: -0-