Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+28

Յունիբանկը դարձավ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը

30.06.2025, 16:11
2025 թ.-ի հունիսի 27-ին ակումբի մարզական բազայում տեղի ունեցավ պայմանագրի ստորագրման արարողությունը, որի համաձայն Յունիբանկը դառնում է թիմի տիտղոսային հովանավորը
Յունիբանկը դարձավ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ Համագործակցության պայմանագիրը ստորագրվեց հունիսի 27-ին Ուրարտուի մարզաբազայում, որի համաձայն Յունիբանկը դարձավ թիմի տիտղոսային հովանավորը։ Հայտնում են Յունիբանկից։

Այս համագործակցությունը նոր էջ է բացում ակումբի պատմության մեջ՝ ապահովելով լրացուցիչ ռեսուրսներ ենթակառուցվածքների զարգացման, ակադեմիայի և սոցիալական ծրագրերի իրականացման համար․

«Համագործակցությունը Յունիբանկի հետ կարևոր քայլ է ակումբի կայուն զարգացման և նոր բարձունքների հասնելու ճանապարհին։ Մենք ուրախ ենք աշխատել գործընկերոջ հետ, որը կիսում է մեր արժեքներն ու նպատակները», - նշեց ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը։

Յունիբանկն այս համագործակցությունը դիտարկում է՝ որպես հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հնարավորություն։ «Մենք ուրախ ենք դառնալ «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը: Մի ակումբի, որն ունի վառ անհատականություն և հավակնոտ նպատակներ։ Հավատացած ենք, որ մեր համագործակցությունը կդառնա ամուր հիմք նոր հաղթանակների և ձեռքբերումների համար՝ ինչպես թիմի, այնպես էլ՝ նրա երկրպագուների համար: Յունիբանկը շարունակելու է աջակցել սպորտի զարգացմանը Հայաստանում և առողջ ապրելակերպի արժեքների տարածմանը», - նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Ուրարտու» ՖԱ-ն Հայաստանի կրկնակի չեմպիոն է և քառակի գավաթակիր։ Թիմը հաջողությամբ հանդես է գալիս ազգային մրցաշարերում և պատվով ներկայացնում է Հայաստանը եվրոպական ասպարեզում՝ կերտելով նոր սերնդի տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ։

Պայմանագրի ստորագրումից հետո Ակադեմիայի փոքրիկ ֆոտբոլիստները Յունիբանկի վարչության նախագահին նվիրեցին խորհրդանշական մարզաշապիկ։ Մեսրոպ Հակոբյանը խոստացավ ակումբի խաղերին գնալ հենց այդ մարզաշապիկով, և կատակեց՝ Յունիբանկի տարբերանշանով խաղաշապիկն ավելի լավն է։

«Յունիբանկի կարգախոսն է՝ «Առողջ ֆինանսներ՝ վստահ ապագա», և մենք անկեղծորեն հավատում ենք, որ ֆինանսական բարեկեցությունը սկսվում է կրթության և սպորտի մեջ ներդրումներից: «Ուրարտու» ակումբը մեծ նշանակություն է տալիս մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Մենք հպարտ ենք մեր գործընկերությամբ և ուրախ ենք նպաստել մարզիկների նոր սերունդների զարգացմանը», - հավելեց Մեսրոպ Հակոբյանը:

«Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը նշեց, որ ակումբի և Յունիբանկի տեսլականները համընկնում են, և թիմը միշտ բաց է համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են այդ գաղափարները։ «Ինչ վերաբերում է Ակադեմիային, ապա մեր հիմնական նպատակից՝ ֆուտբոլիստներ դաստիարակելուց բացի, նաև կարևոր է, որ առաջին հերթին կարողանանք դաստիարակել լավ մարդ։ Երեխան մեզ մոտ ստանում է ոչ միայն ֆուտբոլային կրթություն, այլև այն դաստիարակությունը, որով վաղը կարող է դառնալ մեր երկրի արժանի քաղաքացի»,- շեշտեց Դավիթ Շախբագյանը։

Առաջին պաշտոնական հանդիպումը հովանավորության պայմանագրի ստորագրումից հետո կլինի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում՝ բելառուսական «Նեմանի» հետ: Այդ երեկո թիմը դաշտ դուրս կգա նոր խաղաշապիկով՝ Յունիբանկի տարբերանշանով։