Հայաստանում նոյեմբերին գրանցվել է 1,4%–ի գնաճ, ամսվա կտրվածքով՝ 1,3%
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2024 թվականի նոյեմբերին, 2023 թվականի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 1,4 տոկոս գնաճ, իսկ ամսվա կտրվածքով՝ 1,3 տոկոս։ Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) զեկույցի տվյալները։
Ըստ ԱՎԿ տվյալների՝ 2024 թվականի նոյեմբերին, 2023 թվականի նոյեմբերի համեմատ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 1,7%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 3,1%-ով։
Ալկոհոլը և ծխախոտը նոյեմբերին մեկ տարվա ընթացքում թանկացել են 4,1%-ով, իսկ ընթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0,4%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2024 թվականի նոյեմբերին նվազել են 2.5%-ով (ամսվա կտրվածքով՝ 0.6%)։ Կոմունալ ծառայությունների ոլորտում նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 0,5 տոկոս գնանկում, հոկտեմբերին՝ զրոյական գնաճ։ Կենցաղային օգտագործման ապրանքների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների ամենօրյա խնամքի ապրանքների գները նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, նվազել են 2.7%-ով, իսկ ամսվա կտրվածքով աճել են 0.5%-ով։
Առողջապահության ոլորտում գների աճը նոյեմբերին տարվա ընթացքում կազմել է 2,5% (հոկտեմբերի համեմատ՝ 0,5%), տրանսպորտի ոլորտում գրանցվել է 5,7% աճ (ամսվա կտրվածքով՝ 0,8%–ի անկում), կապի ոլորտում աճը կազմել է 0,4% (ամսվա ընթացքում՝ 0,1%–ի սնկում), հանգստի և մշակույթի ոլորտում՝ 0% (ամսվա ընթացքում՝ 0,1%–ի անկում), կրթության ոլորտում՝ 7.8% աճ (ամսվա ընթացքում՝ 0%), ռեստորանային և հյուրանոցային ոլորտում` 1,7% աճ (անկում` 0,6%), իսկ տարբեր ապրանքների և ծառայությունների գծով նոյեմբերին մեկ տարվա ընթացքում գները նվազել են 1,3%–ով (ամսվա ընթացքում` 0,1%–ի աճ):
Միաժամանակ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի նոյեմբերին, 2023 թվականի նոյեմբերի համեմատ, գները նվազել են 2,1 տոկոսով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ աճել են 0,2 տոկոսով։
Բացի այդ, բնակչության համար ծառայությունների սակագների աճը 2024 թվականի նոյեմբերին տարվա կտրվածքով կազմել է 3%, իսկ ամսվա կտրվածքով գրանցվել է 0,1% անկում։
Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 6,5-5,8 տոկոսի միջակայքում։