Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

ՀԲ–ն հաստատել է ՀՀ–ի հետ գործընկերության նոր հնգամյա ծրագիրը, Խմբի կառույցները նախատեսում են ներդնել մինչև 1,7մլրդ դոլար

22.01.2025, 14:56
Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր հնգամյա «Երկրի գործընկերության շրջանակը»
ՀԲ–ն հաստատել է ՀՀ–ի հետ գործընկերության նոր հնգամյա ծրագիրը, Խմբի կառույցները նախատեսում են ներդնել մինչև 1,7մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/ԱՌԿԱ/․ Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր հնգամյա «Երկրի գործընկերության շրջանակը», հայտնել են ՀԲ–ի հայկական ներկայացուցչությունում։

Այս շրջանակի նպատակն է նվազեցնել աղքատությունը և նպաստել բարգավաճմանը ողջ երկրում՝ ստեղծելով ավելի լավ աշխատատեղեր, զարգացնելով մարդկային կապիտալն և ուժեղացնելով դիմակայունությունը։

«Վերջին տարիներին Հայաստանը զարգացման զգալի ձեռքբերումներ է ունեցել։ Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և օտարերկրյա ներդրումների ցածր և գործազրկության բարձր մակարդակը դեռևս հանդիսանում են աճի հիմնական խոչընդոտները: Կրթության և առողջապահության անհավասար հասանելիությունն ու արդյունքները սահմանափակումեն բնակչության աշխատունակությունն ու արտադրողականությունը: Հայաստանը խոցելի է նաև կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նոր ռազմավարությունն ընդգծում է տնտեսական ցնցումների, անկայունության և հակամարտությունների, բնական աղետների և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը: Հաստատված գործընկերության շրջանակը կօգնի Հայաստանին ունենալ.

  •  Ավելի շատ ու ավելի լավ աշխատատեղեր՝ ապահովելով մասնավոր հատվածի աճի ավելի լավ պայմաններ և հասցեագրելով աշխատուժի հմտությունների բացը:
  •    Ավելի ուժեղ մարդկային կապիտալ՝ բարելավելով որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու սոցիալական պաշտպանությունը:
  •     Ավելի դիմակայուն տնտեսություն՝ կլիմայի նկատմամբ կայուն տնտեսական գործունեության զարգացման և պետական ​​և ինստիտուցիոնալ համակարգերի հզորացման միջոցով։ Սա ներառում է պետական ​​ֆինանսների կառավարումը, ռազմավարական պլանավորումը և պետական ​​կառավարման բարեփոխումները։

«Գործընկերության այս նոր շրջանակը վկայում է մեր հանձնառության մասին՝ աջակցելու Հայաստանին ավելի դիմակայուն և ներառական տնտեսություն կառուցելու գործում: Կենտրոնանալով աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի և դիմակայունության վրա՝ մենք նպատակ ունենք բարելավելու հայերի կյանքի որակը և օգնելու երկրին հաղթահարել ապագա մարտահրավերները», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Նոր ռազմավարությունն ընդգծում է մասնավոր կապիտալի մոբիլիզացումը Համաշխարհային բանկի խմբի կառույցների կողմից՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) սերտ համագործակցության միջոցով: ՎԶՄԲ-ի կողմից ակնկալվում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ խթանելու բարեփոխումները, որոնք թույլ կտան ՄՖԿ-ին և ԲՆԵԳ-ին ներգրավել ավելի շատ մասնավոր կապիտալ:

ՄՖԿ-ն իր ուշադրության կենտրոնում պահելով մասնավոր հատվածը, նախատեսում է խթանել ներդրումները ենթակառուցվածքներում և տնտեսության իրական հատվածներում, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով: Վերոնշյալ գործընկերության շրջանակում ՄՖԿ-ն կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունն ու ներդրումը կայուն ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպիսիք են «կանաչ» էներգիան, ջուրը, կապը և ավելի «կանաչ» տրանսպորտը: ՄՖԿ-ն նաև կաշխատի ֆինանսական հաստատությունների հետ՝ ընդլայնելու կլիմայահեն ապրանքների հասանելիությունը, խթանելու կայուն ֆինանսներն ու կանաչ պարտատոմսերը, ինչպես նաև առաջ մղելու թվային փոխակերպումը: Նախատեսվում է, որ կազմակերպության ներդրումները կկազմեն 500-700 միլիոն ԱՄՆ դոլար:

«Մենք նպատակ ունենք խթանել մասնավոր հատվածի աճը Հայաստանում՝ օգտագործելով կայուն ֆինանսների և մասնավոր կապիտալի մոբիլիզացման մեր փորձը: Նոր ռազմավարության շրջանակներում մեր համատեղ ջանքերով մենք նպատակ ունենք նպաստել կանաչ զարգացմանը՝ ապահովելով երկրի երկարաժամկետ բնապահպանական և տնտեսական բարեկեցությունը», – ասել է ՄՖԿ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեն։

1992 թվականից Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է մոտ 3 միլիարդ դոլար, այդ թվում՝ մոտ 400 միլիոն դոլարի ընթացիկ պորտֆելը, ներդրումային վարկավորումը, դրամաշնորհները, վերլուծական աշխատանքներն ու տեխնիկական աջակցությունը: Հայաստանը աջակցություն է ստացել Զարգացման միջազգային ասոցիացիայից (ԶՄԱ)՝ դառնալով նրա դոնոր երկիրը 2023 թվականին։ 1995 թվականից ի վեր, երբ Հայաստանը դարձավ անդամ երկիր, ԶՄԱ-ն ներդրել է մոտ 1,3 միլիարդ դոլար, այդ թվում ՝մոբիլիզացումը, իսկ ԲՆԵԳ-ը՝ մոտ 39 միլիոն դոլար: