Կառավարությունը հաստատեց 2026թ․–ի պետբյուջեի նախագիծը․ ՀՆԱ–ի ծավալն ակնկալվում է 11,93 տրլն դրամի չափով, աճը՝ 5,4%–ով
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Ինչպես նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կանխատեսվում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, իսկ տնտեսական աճը՝ 5.4%–ի մակարդակում:
«ՀՆԱ-ի դեֆլյատորը կանխատեսվում է 3%։ Պետական բյուջեի նախատեսված եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ», - հայտարարեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի և հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ հարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կբարելավվի կանխատեսվածից 0.4 տոկոսային կետով (ընթացիկ տարվա համար այս ցուցանիշը կանխատեսվում է 1 տոկոսային կետով ավելի բարձր, քան 2024 թվականին):
Նախարարը նաև տեղեկացրեց, որ պետական բյուջեի ծախսերը նախատեսված են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամի չափով, որից 2 տրիլիոն 924 միլիարդ դրամը՝ ընթացիկ ծախսերի, իսկ 704 միլիարդ դրամը՝ կապիտալ ծախսերի մասով (որը 2026 թվականին կկազմի ՀՆԱ-ի 5.9%-ը):
«Պետբյուջեի պակասուրդը կանխատեսվում է 537 միլիարդ դրամի կամ ՀՆԱ-ի 4.5%-ի չափով՝ 2025 թվականի 5.5%-ի համեմատ։ Անկումը միջնաժամկետ կտրվածքով կկազմի 2.8%։ Արդյունքում ՀՆԱ–ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերակցությունը 2026 թվականի վերջին կկազմի 53.5%», - նշել է Հովհաննիսյանը։ ($1 - 382.72 դրամ)