Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի տնտեսությունը մինչև 2028 թվականն ունի տարեկան մինչև 5,5% աճի ներուժ․ ԱՄՀ

26.11.2024, 16:27
Հայաստանի տնտեսությունը հնգամյա ժամանակահատվածում մինչև 2028 թվականն ունի տարեկան մինչև 5,5% աճի ներուժ՝ այն պայմանով, որ իրականացվեն կառուցվածքային բարեփոխումներ և աշխատուժի ինտեգրման հնարավորություններ
Հայաստանի տնտեսությունը մինչև 2028 թվականն ունի տարեկան մինչև 5,5% աճի ներուժ․ ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի տնտեսությունը հնգամյա ժամանակահատվածում մինչև 2028 թվականն ունի տարեկան մինչև 5,5% աճի ներուժ՝ այն պայմանով, որ իրականացվեն կառուցվածքային բարեփոխումներ և աշխատուժի ինտեգրման հնարավորություններ, ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ​​ներկայացուցիչ Ումանգ Ռավատը՝ ներկայացնելով «Caucasus and Central Asia: Economic Outlook and Policy Challenges» զեկույցը։

Նա նշեց, որ 2022-2023 թվականներին Հայաստանի տնտեսության ընդլայնմանը և բարձր աճին նպաստել են առևտրի ոլորտը, աշխատուժի ներհոսքը, ֆինանսական հատվածի զարգացումները։

«Սակայն աճի գործոնները փոխվել են։ 2022 թվականին աճը պայմանավորող հիմնական գործոնը զուտ արտահանումն էր, սակայն աճի կառուցվածքը փոխվել է դեպի սպառում և ներդրումներ, իսկ 2024 թվականին մենք տեսնում ենք աստիճանական նվազում դեպի ավելի կայուն աճ»,- ասաց նա։

Այս առնչությամբ Ռավատը նշեց, որ այդ օրինաչափությունները բացասական երևույթներ չեն։

«Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՀ-ն և այլ միջազգային ֆինանսական կազմակերպություններ ակնկալում էին, որ տնտեսական աճը կտեղափոխվի ավելի կայուն մակարդակ: Իսկ հիմա, իսկապես, մենք տեսնում ենք հենց դա։ Կանխատեսվում էր, որ դա տեղի կունենա, այսինքն դա անակնկալ չէր»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ երբ տնտեսական աճը երկար ժամանակ գերազանցում է իր ներուժը, դա իր հետ որոշակի ռիսկեր է պարունակում։

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության աճը վերադառնում է նորմալ մակարդակի ժամանավոր գործոնների թուլացմանը զուգահեռ, որոնց թվում նա նշեց Ռուսաստանից և Հնդկաստանից աշխատուժի ներհոսքը, ինչպես նաև արցախցի փախստականների ինտեգրումն աշխատաշուկայում։

«Պոտենցիալ աճի վրա դա կազդի միգուցե չորսից հինգ տարվա ընթացքում»,- ասաց նա՝ հավելելով, որ երկարաժամկետ հեռանկարում պետք է ուշադրություն դարձնել ժողովրդագրական քաղաքականությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ 2025 թվականի պետական ​​բյուջեում ներառված մակրոտնտեսական կանխատեսումները արտացոլում են անցած տարիների բարձր տնտեսական աճի գործոնների աստիճանական չեզոքացումը և տնտեսական աճի ձևավորումը երկարաժամկետ կայուն գործոնների հիման վրա։ Դա ենթադրում է միջնաժամկետ ծրագրի համեմատ տնտեսության ավելի ցածր աճի թիրախավորում, ինչի արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունը 2025թ․–ին կառաջնորդվի տնտեսության 5,6%-անոց աճի կանխատեսմամբ՝ շեշտը դնելով հարկաբյուջետային կայունության և պարտքի կայունության վրա, ինչպես նաև վերջին տարիներին ձևավորված տնտեսական ներուժի պահպանման վրա։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 6,5-5,8 տոկոսի սահմաններում։ 2025 թվականի պետական ​​բյուջեի նախագծում տնտեսական աճը նախատեսված է 5,6 տոկոսի չափով։

ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 7,5%, իսկ 2025 թվականին՝ 4,2%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 5 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության 6 տոկոս աճ է կանխատեսում, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոս։ ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2024 թվականին 6,2%, իսկ 2025 թվականին՝ 4,8%։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ S&P-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։