Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում կիրականացվի ջրամբարաշինության 5 նոր նախագիծ` ավելի քան 40 մլրդ դրամ արժողությամբ

24.10.2025, 15:06
Նախագծերից կօգտվի շուրջ 40 բնակավայր` 700 հազար ուղղակի և անուղղակի շահառուներով
Հայաստանում կիրականացվի ջրամբարաշինության 5 նոր նախագիծ` ավելի քան  40 մլրդ  դրամ արժողությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբեր․/ԱՌԿԱ /. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած Հանրային ներդրումային կոմիտեի 7–րդ նիստում քննարկվել են ջրամբարաշինության 5 նախագծեր` ավելի քան 40 մլրդ դրամ արժողությամբ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը հայտնել է, որ ներդրումային ծրագրերով առաջարկվում է ջրամբարներ կառուցել Արմավիրի մարզի Քասախ, Վայոց ձորի մարզի Ելփին, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Սյունիքի մարզի Լիճք բնակավայրերում, ինչպես նաև վերակառուցել Շիրակի մարզի Արթիկ բնակավայրի ջրամբարը։

Քասախի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլն մ3, արդյունքում կբարձրացվի 4517 հա հողատարածքների ջրամատակարարումը և կապահովվի լրացուցիչ 503 հա հողատարածքների ոռոգումը։ Նախագծի արժեքը կազմում է 15.4 մլրդ դրամ։

Ելփինի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 0,93 մլն մ3, ինչը կբարձրացնի 132 հա հողատարածքների ջրամատակարարումը և կապահովի լրացուցիչ 168 հա հողատարածքների ոռոգումը։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.3 մլրդ դրամ։

Աստղաձորի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 1,55 մլն մ3, որով կբարձրացվի 210 հա հողատարածքների ջրամատակարարումը և կապահովի 530 հա հողատարածքների ոռոգումը։ Նախագծի արժեքը գնահատվում է 7.5 մլրդ դրամ։

Լիճքի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 4 մլն մ3, կբարձրացվի 1315.8 հա հողատարածքների ջրամատակարարումը, կապահովվի 195 հա լրացուցիչ հողատարածքների ոռոգումը։ Նախագծի արժեքը գնահատվում է 11.4 մլրդ դրամ։

Ծրագրերի իրականացմամբ ընդհանուր առմամբ կկուտակվի 18 մլն մ3 ջուր, շինարարության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 40 մլրդ դրամ, փաստացի ոռոգվող հողատարածքների ծավալ` 6175 հա, գյուղատնտեռսության մեջ ներգրավվելիք նոր ոռոգելի հողատարածքների թիվը՝ 1696 հա։ Նախագծերից կօգտվի շուրջ 40 բնակավայր` 700 հազար ուղղակի և անուղղակի շահառուներով, իսկ տարեկան ընդհանուր էներգախնայողությունը կկազմի 3.8 միլիոն կՎտ/ժ:

Վարչապետը կարևորել է նախագծերի իրականացումը և նշել, որ գլոբալ պրոցեսները գնում են այնպես, որ մոտեցումը պետք է լինի հետևյալը․այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել: 

«Սրա էֆեկտը երկու բան է, որ նախ հընթացս նաև մեր գյուղատնտեսական տեխնոլոգիաները պետք է փոխվեն, և երկրորդը՝ ջրի կառավարման մեթոդը պետք է փոխվի», - նշել է Փաշինյանը։ 

Քննարկման արդյունքներով նախագծերը հաստատվել են Ներդրումային կոմիտեի կողմից և կմտնեն գործնական փուլ։