Առանց թույլտվության ՀՀ-ից ԵԱՏՄ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքներ արտահանելիս կսահմանվի պատասխանատվություն՝ ապրանքի արժեքի 50 %-ի չափով
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում կսահմանվեն պատասխանատվության նորմեր։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից։
Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ երկրների մասով ցամաքային փոխադրումների դեպքում գործում է տարանցիկ հայտարարագրման համակարգ, իսկ երրորդ երկրներ արտահանելիս բոլոր դեպքերում առկա է հայտարարագրման ընթացակարգ: Մինչդեռ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում չունենք հայտարարագրման ընթացակարգ եւ պատասխանատվության միջոցներ: Այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունը:
Կսահմանվի պատասխանատվություն արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց 500.000 դրամից ոչ ավելի՝ իրավախախտման կատարման պահին առկա ապրանքի առկայության դեպքում նաեւ դրա բռնագրավմամբ:
Հարցուպատասխանի ընթացքում հիմնական զեկուցողը մանրամասնել է, թե որ ապրանքների մասին է խոսքը: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են դառնալ երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ: Սահմանվել է նաեւ, որ երկակի նշանակության ապրանքների համար գործող թույլատվական համակարգը գործում է նաեւ այս տեսակի ապրանքների համար:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժղովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Կարեն Համբարձումյանը:
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:23 11.09.2024