1 մլն դրամը չգերազանցող միանվագ եկամուտները չեն հայտարարագրվի
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվել է։
ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը պարզաբանումներ է ներկայացրել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ։
Նա հայտնել է․ որ սահմանվել են այնպիսի եկամուտներ, որոնք միանվագ գործարքների որոշակի շեմը չգերազանցելու դեպքում հայտարարման ենթակա չեն լինի։
«Այդ եկամուտներից են, օրինակ, ժառանգության կամ նվիրատվության կարգով ոչ ընտանիքի անդամ հանդիսացող անձանցից ստացվող գումարները կամ ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող մինչև 1 միլիոն դրամը չգերազանցող գումարները», - ասել է Ալեքսանյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ։
Նա հստակեցրել է, որ 1 միլիոն դրամի սահմանաչափը վերաբերում է մեկանգամյա գործարքին՝ ընդգծելով, որ այստեղ տարեկան կամ ամսական կտրվածքի սկզբունքը չի գործում։
«Եթե որևէ ոչ առևտրային կազմակերպությունից անձը ստացել է 500,000 դրամ, նույնիսկ 1 ամսվա ընթացքում 3 անգամ, դա կարող է չհայտարարագրել, որովհետև մեկանգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 միլիոն դրամը։ Բայց եթե, օրինակ, ամբողջ տարվա ընթացքում մեկանգամյա գործարքով ստացված եկամուտները գերազանցել են 1 միլիոն դրամը, դա արդեն իսկ հայտարարման ենթակա է», - ասել է Ալեքսանյանը։
Նա ընդգծել է, որ սա վերաբերում է չհարկվող եկամուտներին։