Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեման կքննարկվի հունիսի 12-ին նախատեսված ԱԺ լսումների ժամանակ

05.06.2015, 17:30
Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 12–ին «Էլեկտրաէներգիայի գնի վերանայման հիմնավորման մասին» լսումներ կանցկացնի, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեման կքննարկվի հունիսի 12-ին նախատեսված ԱԺ լսումների ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 12–ին «Էլեկտրաէներգիայի գնի վերանայման հիմնավորման մասին» լսումներ կանցկացնի, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, ըստ որի` ընկերությունն առաջարկում է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։ Մասնավորապես, առաջարկվում է սպառողներին տրամադրվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (7:00-23:00) 41,85 դրամից բարձրացնել մինչև 58,93 դրամ` 1 կՎտ/ժ–ի դիմաց, իսկ գիշերային սակագինը ( 23:00 – 7:00)` 31,85 դրամից մինչև 48,93 դրամ։

Էլեկտրացանցերի ղեկավարության` Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մտադրությունը բողոքի ալիք է բարձրացրել երկրում, այդ թվում` ԶԼՄ–ներում և ընդդիմադիր պատգամավորների շրջանում։ ՀԷՑ–ի հասցեին հնչել են միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, կոռուպցիայի մեղադրանքներ։

Թանկացման դեմ հանդես են գալիս քաղաքական տարբեր ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ։ Facebook սոցիալական ցանցում մայիսի 19–ին մեկնարկել է «Ոչ թալանին» ակցիան, իսկ մայիսի 25–ին մայրաքաղաքում երթ է կազմակերպվել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Նմանատիպ ակցիա է ծրագրված նաև հունիսի 19–ին։

Նույնիսկ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարներից մեկը` խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը, հայտնել է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը վնաս կհասցնի ոչ միայն բնակչությանը, այլ նաև երկրի ողջ տնտեսությանն ընդհանուր առմամբ։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ ընկերության 100–տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանի սպառողներին, այդ թվում` բնակչությանն էլեկտրաէներգիայի բաշխումն է։ -0-