2026թ․–ին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ․ ՀԾԿՀ
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։
«Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանում ներկայումս գործում են էլեկտրաէներգիայի հետևյալ սակագինը. սոցիալապես անապահով ընտանիքների համար (սպառողների մոտ 11%-ը) 29,99 դրամ ցերեկային ժամերին և 19,99 դրամ գիշերը յուրաքանչյուր կՎտժ-ի համար, մյուս կատեգորիաների քաղաքացիների համար՝ համապատասխանաբար 44,98 դրամ և 34,98 դրամ։
Սպառող իրավաբանական անձանց (ձեռնարկությունների) համար սակագնի միջակայքը ցերեկային ժամերին 41,98-ից 50,48 դրամ է, գիշերը՝ 37,98-ից 40,48 դրամ: