Рейтинг@Mail.ru
USD
395.78
EUR
418.74
RUB
3.99
GEL
142.32

9 մլրդ դոլարի նպատակային ներդրումները մինչև 2060 թ.-ը կարող են Հայաստանին օգնել տնտեսության ապաածխայնացման և էներգաապահովությունը բարձրացնելու հարցում․ ՀԲ

08.11.2024, 22:28
Զեկույցում հաշվարկվում է, որ նպատակային ներդրումների մոտավորապես 75%-ը կարող է ապահովվել մասնավոր հատվածի կողմից
9 մլրդ դոլարի նպատակային ներդրումները մինչև 2060 թ.-ը կարող են Հայաստանին օգնել տնտեսության ապաածխայնացման և էներգաապահովությունը բարձրացնելու հարցում․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Շուրջ 9 միլիարդ դոլարի նպատակային ներդրումները մինչև 2060 թ.-ը և քաղաքականության բարեփոխումներով փոխլրացումը կարող է Հայաստանին օգնել իր տնտեսության ապաածխայնացման և էներգաապահովությունը բարձրացնելու հարցում, ասվում է Համաշխարհային բանկի խմբի այսօր լույս տեսած՝ «Հայաստան. երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ում։

«Դա հնարավոր է էկոլոգիապես մաքուր ներքին էներգիայի, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման, պարենային անվտանգության և կլիմայի փոփոխության նկատմամբ կայունության ավելացման, ինչպես նաև մասնավոր ձեռնարկատիրության ակտիվացման և ֆիսկալ ու ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով սոցիալականհ պաշտպանության բարելավման հաշվին», – նշվում է զեկույցում։

Զեկույցում հաշվարկվում է, որ նպատակային ներդրումների մոտավորապես 75%-ը կարող է ապահովվել մասնավոր հատվածի կողմից։

Զեկույցի հեղինակները վստահ են, որ Հայաստանը կարող է բարելավել էներգետիկ անվտանգությունը, իր ժողովրդին պաշտպանել արտանետման վնասակար ազդեցություններից և ավելի կայուն աճ ապահովել՝ կլիմայի փոփոխության դեմ արդյունավետ պայքարով

Նշվում է, որ Հայաստանը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության, մասնավորապես՝ հեղեղումների, երաշտների, ջերմային սթրեսների, կարկտի և սողանքների անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ։

«Երկրի տնտեսությունը խիստ էներգատար է և կախում ունի հանածո վառելիքից՝ նպաստելով էկոլոգիական սուր խնդիրների, այդ թվում՝ օդի աղտոտմանը։ Երկիրը Եվրոպայում դասվում է օդի ամենացածր որակով երկրների շարքում։ Առողջության վրա աղտոտման վնասի տարեկան արժեքը բարձր է՝ ընդհուպ մինչև ՀՆԱ-ի 10.6%-ը», – նշվում է զեկույցում։

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի խոսքով, արդյունավետ կլիմայական գործողությունների մեջ ներդրումներ կատարելը Հայաստանին հնարավորություն է տալիս ստեղծել աճի նոր շարժիչ ուժեր և որակյալ աշխատատեղեր:

«Մենք մասնավոր ներդրումների համար կենսական դեր են տեսնում արևային, էներգիայի պահեստավորման, կրիտիկական ենթակառուցվածքի և գյուղատնտեսության դիմակայունության բարձրացման մեջ։ Կլիմայական ուղղվածությամբ պետական-մասնավոր գործընկերությունները կարող են կատալիզատորի դեր կատարել ցածր ածխածնային և դիմակայուն ենթակառուցվածքի համար», – նշել է Իվանա Ֆերնանդես Դուարտեն՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարը։ 

Զեկույցում ընդգծվում է երկու հիմնական առաջնահերթ ուղղություն, որոնք կարող են Հայաստանին երկարաժամկետ կայուն աճի ուղու վրա դնել. 

  • Ապաածխայնացում՝ արտանետումների նվազեցման և էներգետիկ ապահովության բարձրացման համար։ Իր 2050 թ.-ի արտանետումների նվազեցման ազգային սահմանված թիրախը բավարարելու համար Հայաստանին անհրաժեշտ կլինի արագացնել իր տնտեսության ապաածխայնացման գործողությունները, որոնք էներգետիկ ապահովության բարձրացման լրացուցիչ շահաբաժին կբերեն։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է էականորեն ավելացնել ներդրումների մասշտաբը՝ վերականգնվող էներգիայի արտադրության լրացուցիչ հզորությունների ստեղծան համար (հատկապես արևային և հողմային), հզորացնել էլեկտրական ցանցը՝ վերականգնվող էներգետիայի ինտեգրման, ավտոմոբիլային տրանսպորտի և ջեռուցման էլեկտրիֆիկացման հնարավորություն տալու, էլեկտրականացման և շինությունների էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար։ Դրա համար կպահանջվի ավելի քան 6 միլիարդ դոլարի ներդրում։
  •    Գյուղատնտեսության արտադրողականության, պարենային և ջրային ապահովության խթանում։ Անհրաժեշտ է ակտիվանցել ջանքերը՝ բարելավելու ջրի օգտագործման արդյունավետությունը, պահեստավորումը և ջրային ռեսուրսների կառավարումը, կայունությանը և գյուղատնտեսության ոլորտի աճին օժանդակելու համար։ Վերոնշյալն անհրաժեշտ կլինի լրացնել կլիմայական առումով խելացի գյուղատնտեսական գործելակերպի ընդունմամբ և վաղ ահազանգման համակարգերով և կարևոր ենթակառուցվածքի հզորացմամբ։ Ջրային ապահովության հասնելու և գյուղատնտեսական կարևորագույն ոլորտը խթանելու համար անհրաժեշտ կլինեն մոտավորապես 2 միլիարդ դոլարի ներդրումներ։