Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԱԺ–ն ընդունեց 2018թ.–ի պետբյուջեի կատարողականը

20.06.2019, 14:44
Փաստաթղթի ընդունմանը կողմ քվեարկեց 94, դեմ` 17 պատգամավոր։
ԱԺ–ն ընդունեց 2018թ.–ի պետբյուջեի կատարողականը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի ընդունեց 2018թ.–ի պետբյուջեի կատարողականը։

Փաստաթղթի ընդունմանը կողմ քվեարկեց 94, դեմ` 17 պատգամավոր։

Կատարողականի մեջ նշվում է, որ պետբյուջեի կանխատեսման համաձայն, 2018թ.–ին տնտեսական աճը պետք կազմեր 4,5%, սակայն տարվա արդյունքում աճը գրանցվել է 5,2%–ի սահմանում, ինչը հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտում արձանագրված աճով։

Հարկերից և տուրքերից ստացված պետբյուջեի եկամուտը կազմել է 1,258 տրիլիոն դրամ, ընդհանուր եկամուտը` 1,342 տրիլիոն դրամ, իսկ կատարողականը` 98,3%։ Միաժամանակ, պետբյուջե մուտք է արվել 165 մլրդ դրամ ավել, քան 2017թ.–ին։

Եկամուտների կառուցվածքում հիմնական մասը կազմում են հարկային մուտքերը` 94%, իսկ հարկային եկամուտներից ամենամեծ մասնաբաժինն ունի ԱԱՀ–ն` մոտ 32% և ֆիզիկական անձանց եկամտային հարկը` մոտ 26%։

Գնաճը մնացել է կանխատեսված սահմաններում։ Այն պետք է կազմեր 4% ± 1,5% և 2018թ.–ի արդյունքում կազմել է 2,5%։

2018թ.–ին 4%–ով ավելացել է պետական հատվածի աշխատավարձը, սակայն պետական և մասնավոր հատվածի տարբերությունը շարունակում է մնալ զգալի։

Ինչ վերաբերում է Հայաստանի պետական պարտքին, ապա 2018թ.–ի վերջին այն կազմել է 6,923 մլրդ դոլար, որից կառավարության պարտքի մասնաբաժինը կազմում է 6,373 մլրդ դոլար։ Արտաքին պարտքը կազմել է 4,983 մլրդ դոլար, իսկ ներքինը` 1,390 մլրդ դոլար։ 

Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, 2017թ.–ի համեմատ, նվազել է և 2018թ.–ի տվյալներով, կազմել է ՀՆԱ–ի 55,8%–ը` 58,9%–ի համեմատ։–0–