Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի հետ «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության առաջին ամփոփումը

25.12.2019, 14:29
36-ամսյա այս վարկային ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (մոտ 248.2 միլիոն ԱՄՆ դոլար) ֆինանսավորման ընդհանուր հնարավորությամբ, ԱՄՀ Խորհրդի կողմից հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին
ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի հետ «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության առաջին ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՀ Գործադիր խորհուրդը դեկտեմբերի 20–ին ավարտել է Հայաստանի հետ «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության առաջին ամփոփումը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։ 

36-ամսյա այս վարկային ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (մոտ 248.2 միլիոն ԱՄՆ դոլար) ֆինանսավորման ընդհանուր հնարավորությամբ, որը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 139.75 տոկոսին, ԱՄՀ Խորհրդի կողմից հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին։

«Հայաստանի իշխանությունները շարունակում են «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածությունը մինչև իր ավարտը՝ 2021 թ. մայիսի 16-ը, դիտարկել որպես նախազգուշական և մտադիր չեն այն օգտագործել, եթե  չնախատեսված տնտեսական ցնցումների հետևանքով վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ չառաջանան», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Գործադիր խորհրդի քննարկումից հետո ԱՄՀ Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահի պաշտոնակատար Միթսուհիրո Ֆուրուսավան հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

  • Հայաստանի տնտեսական կատարողականն ուժեղ է առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով՝ արտաքին պահուստների աճի և ավելի բարձր եկամուտների պայմաններու

  • Չնայած բյուջեի գերակատարմանը՝ բարեփոխումների թափը պահպանելը կարևոր է եկամուտների հավաքագրումն ամրապնդելու, այդ թվում` գույքի հարկման ոլորտում բարեփոխումներն ավարտին հասցնելու համար
  • Իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ համակարգ ստեղծելու միջոցով կառավարման բարելավմանն ուղղված ջանքերը, կամրապնդեն կայուն և ներառական աճը

Պահուստային վարկավորման համաձայնագրերը (Stand-by Arrangements) նախատեսում են, որ երկիրը երաշխիք է ստանում այն մասին, որ կկարողանա ցանկացած պահի` համաձայնագրի ժամկետի գործողության ընթացքում, համաձայնագրի պայմանների պահպանման դեպքում, ավտոմատ կերպով ստանալ արտարժույթ մինչև այն գումարի սահմանաչափը, որի մասին ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերով տրամադրվող միջոցների ծավալը, որպես կանոն, գերազանցում է դրանց փաստացի օգտագործման քանակը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկային գումարը վերադարձվում է հիմնադրամ։–0–