Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱՄՀ–ն նշել էՀՀ տնտեսության առջև ծառացած երեք մարտահրավերները

27.02.2019, 11:42
Արժույթի միջազգային հիմնադրամի հայկական առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին նշեց ՀՀ նոր կառավարության առաջ ծառացած երեք հիմնական տնտեսական մարտահրավերները։  
ԱՄՀ–ն նշել էՀՀ տնտեսության առջև ծառացած երեք մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի հայկական առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին նշեց ՀՀ նոր կառավարության առաջ ծառացած երեք հիմնական տնտեսական մարտահրավերները։  

«Կարևոր հանգամանք եմ համարում պայքարը կոռուպցիայի դեմ, որի մասին շատ է մտածում և մեծ նշանակություն է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրան զուգահեռ կարևոր են նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը ներառական աճի ապահովման  և ՓՄՁ–ին աջակցելու համար», – ասաց նա` նշելով, որ այդ երևույթներն առաջին մարտահրավերն են և բարդ է այդ մարտահրավերի հաղթահարմանն ուղղված քայլերի իրագործումը։

ԱՄՀ ներկայացուցիչը կարևորեց համաձայնեցված և համապատասխան ջանքերի գործադրումը գործընկերների հետ համատեղ, որպեսզի մարտահրավերների հաղթահարման գործում առկա վճռականությունն ու կամքը հիմնված լինեն ավելի ինստիտուցիոնալ հիմքի վրա։

Սամիեի խոսքով, երկրորդ մարտահրավերը հարկային մուտքերի հավաքումը մոբիլիզացնելու անհրաժեշտությունն է։ 

«ՀՆԱ–ում հարկերի մասնաբաժինը կազմում է մոտավորապես 20% և կարծում եմ, որ հարկերը կարող են կազմել ՀՆԱ–ի 22-25%–ը։ Դրա համար, մասնավորապես, կպահանջվի բարեփոխել հարկային կառուցվածքն ու զգալի ջանքեր գործադրել հարկային վարչարարության համակարգում», – հայտարարեց նա` նշելով, որ հարկերի մասնաբաժինը 3%–ով ավելացնելը կընդլայնի հարավորությունները կապիտալ և սոցիալական ծախսերն իրականացնելիս։

Կառավարության առջև ծառացած երրորդ մարտահրավերը նշեց ՀՀ–ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան։ 

«Հնարավոր է, որ դա ոչ այնքան խնդիր է, որքան առաջիկա տարիների ընթացքում մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման նպատակ: Ամուր և ուժեղ մակրոտնտեսական հիմքն անհրաժեշտ նախապայման է նախատեսված բարեփոխումներն իրականացնելու համար», – նշեց նա։–0–