Ամեն հարց քննարկելի է ․ ՔՊ–ական պատգամավորը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Եթե կա որևէ երկիր, որ գազ է վաճառում և կա երկիր, որ գազի կարիք ունի, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն հարց քննարկելի է։
Այս մասին հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանից գազ գնելու հավանականությունը։
«Իմ ունեցած տեղեկություններով ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ են եղել։ Հայաստանի, և ընդհանրապես, որևէ երկրի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի էներգառեսուրսը: Պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է և ամենաշահավետն է: Իսկ վտանգները էներգակիրների հետ կապված առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է և քո աղբյուրը մեկն է», – ասել է Թունյանը։
Նա նշել է, որ Հայաստանը միշտ էլ մտածել է իր էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին, դրա համար էլ ժամանակին կառուցվել է Իրան-Հայաստան գազամուղը։
Հանձնաժողովի նախագահն ավելացրել է, որ խոսքն այս պահին տեսական հնարավորության մասին է։ Այս պահին օրակարգում նման հարց չկա, և այդ հարցում պայմանավորվելու համար պետք է ունենալ կարգվորված հարաբերություններ, որոշակի շփումներ Ադրբեջանի հետ։
«Մեր քաղաքականությունն այնպիսին է, որ մենք պետք է նվազեցնենք մեր կախվածությունը գազի աղբյուրներից և շեշտը դնենք ատոմային, վերականգնվող և արևային էներգետիկայի վրա», – ասել է Թունյանը։
Ապրիլի 25–ին ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ դրական է վերաբերվում Ադրբեջանից գազ գնելու հարցին։
2023 թվականի հոկտեմբերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից գազատարները քաղաքական խնդիրների բացակայության դեպքում։
Հայաստանը ներկայումս գազ է գնում Ռուսաստանից ներքին կարիքների համար, ինչպես նաև այն ստանում է Իրանից՝ էլեկտրաէներգիայի դիմաց։