Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Առևտրային գործընթացների թվայնացումը և տվյալների թվայնացված փոխանակումը մաքսային մարմինների միջև ժամանակի պահանջն է. Ավինյան

18.11.2019, 15:16
Երևանում մեկնարկել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» տարածաշրջանային համաժողովը։
Առևտրային գործընթացների թվայնացումը և տվյալների թվայնացված փոխանակումը մաքսային մարմինների միջև ժամանակի պահանջն է. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» տարածաշրջանային համաժողովին, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Տիգրան Ավինյանն իր խոսքում, մասնավորապ նշել է, որ հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սահուն և անխափան աշխատանքի կարևորությունը տնտեսական առաջընթացի գործում` ցանկացած ծրագիր, որն իրականացվում է կառույցում, գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

«Մենք նաև բարձր ենք գնահատում միջազգային կառույցների կողմից հարկային և մաքսային ծառայությունների զարգացման համար տրամադրած աջակցությունը, որոնցից մեկի` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն միգրացիայի և սահմանային կառավարմանը» ծրագրի շրջանակներում էլ տեղի է ունենում այսօրվա համաժողովը»,  – նշել է ՀՀ փոխվարչապետը:

Նրա խոսքով, առևտրային գործընթացների թվայնացումը և տվյալների թվայնացված փոխանակումը մաքսային մարմինների միջև ժամանակի պահանջն է, ինչի հավուր պատշաճի իրականացումը կհանգեցնի առևտրի դյուրացմանը և հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով կառավարել առկա սահմանային ռիսկերը:

«Այս առումով, էական է պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանային երկրների մաքսային մարմինների միջև սերտ և փոխշահավետ համագործակցությունը: Պատահական չէ, որ այսօրվա համաժողովի մեկնարկը կտրվի ՀՀ ՊԵԿ-ի և Վրաստանի եկամուտների ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության միջև երկկողմ փաստաթղթերի ստորագրմամբ, ինչը գալիս է հավաստելու, որ միջսահմանային համագործակցությունը վերոնշյալ ոլորտում կարող է հանգեցնել տարածաշրջանում դրական փոփոխությունների՝ ծառայելով պետության զարգացմանը և, ինչու ոչ, նաև արտաքին կապերի ամրապնդմանը», – նշել է Տիգրան Ավինյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես խրախուսում է թվայնացման և արդիականացման ուղիով շարժվող պետական մարմինների գործունեությունը:

«Պետական եկամուտների կոմիտեն այս ուղղությամբ արդեն իսկ արձանագրել է մեծ ձեռքբերումներ, ինչպիսիք են արտաքին առևտրի մեկ պատուհան համակարգը, որն ապահովում է մի շարք մաքսային ընթացակարգերի ավտոմատացում, այլ գերատեսչությունների կողմից տրամադրվող մի շարք թույլատրական փաստաթղթերի ավտոմատացված ստացում, ինչպես նաև այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կազմակերպումը։ ՊԵԿ-ը կանգ չի առնում նշված հաջողությունների վրա և արդեն իսկ իրականացնում է հավակնոտ նախագծեր մեքենայացված ուսուցման, մեծ տվյալների վերլուծության և արհեստական բանականության գործիքակազմի ներդրման ուղղությամբ», – ընդգծել է ՀՀ փոխվարչապետն`ավելացնելով, որ թվարկված բոլոր քայլերը մեծապես ուղղված են անդրսահմանյան առևտրի թվայնացմանը և քայլ առաջ են դեպի անթուղթ առևտուր։

«Կարծում եմ այս երկու օրերի ընթացքում կհասցնեք անդրադառնալ, ծանոթանալ նշված լուծումներին և ավելի խորը վերլուծել դրանք ներկա փորձագիտական հանրության հետ», – ասել է Տիգրան Ավինյանն` ավելացնելով, որ ողջունում է այս տարածաշրջանային համաժողովը, որն իր շուրջ է համախմբել ոլորտին քաջատեղյակ փորձագետների մի մեծ խումբ:

«Ակնկալում եմ, որ համաժողովը խթան կհանդիսանա շարունակական փոխօգնության և համագործակցության համար», – եզրափակել է ՀՀ փոխվարչապետը:

Համաժողովի ընթացքում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև:–0–