Դրամի արհեստական արժեզրկումը կարող է հանգեցնել գնաճի նոր ալիքի. ԿԲ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից դրամի արհեստական արժեզրկումը կարող է հանգեցնել գնաճի նոր ալիքի, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Եթե մենք արհեստականորեն արժեզրկենք դրամը, մտնենք շուկա, գնենք արտարժույթ, ապա կբախվենք գնաճի հերթական ալիքի հետ, որը կազդի բոլորի վրա»,- զգուշացրեց նա՝ ելույթ ունենալով ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։
Այս համատեքստում Գալստյանը պարզաբանեց, որ նման իրավիճակներում կարևոր է իրականացնել ոլորտային քաղաքականություն՝ աջակցություն ցուցաբերել այն ոլորտներին, որտեղ ստեղծված իրավիճակում տուժում է մրցունակությունը։
Ըստ նրա՝ աջակցությունը կարող է տրամադրվել որոշակի պետական քաղաքականության շրջանակում։
«Մյուս կողմից, պետք է հասկանալ, որ գնաճը բերում է լրացուցիչ հարկային մուտքեր, որոնց բաշխման միջոցով գուցե անհրաժեշտ լինի արձագանքել առաջացած խնդիրներին»,- ասաց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ գները ճիշտ չեն ճշգրտվում ընթացիկ փոխարժեքի պայմաններում (դոլար-դրամ), ԿԲ նախագահը երկու գործոն նշեց. «Դրանցից մեկը վերաբերում է նրան, որ այս փուլում, երբ փոխարժեքն իջել է, ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: Երկրորդ գործոնն այն է, որ մեր արտահանողներից հաճախ ենք լսում տրանսպորտային խնդիրների մասին: Նրանց համար հաճախ առաջնային խնդիրը ոչ թե փոխարժեքն է,այլ Վերին Լարսի թողունակությունն ու տրանսպորտաին ծախսերի ավելացումը»,- ընդգծեց նա։
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ էր արել Կենտրոնական բանկին օգտագործել իր գործիքակազմը՝ արտարժույթի շուկայում փոխարժեքի տատանումները զսպելու համար։ Նա նշել է, որ Հայաստան ֆինանսական ռեսուրսների ներհոսքի պատճառով նկատվում է ԱՄՆ դոլարի արժեզրկում դրամի նկատմամբ։
Քերոբյանն ընդգծել է, որ իրավիճակը խիստ մտահոգում է Հայաստանի գործարար համայնքին, մասնավորապես, երկու առանցքային ոլորտներում՝ արտահանմանն ուղղված արտադրություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ ($1 – 421,95 դրամ):-0-